Կորտիկոստերոիդ դեքսամետազոնի օգտագործումը կարող է նվազեցնել մահացությունը կորոնավիրուսով հիվանդների շրջանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «գիտական առաջընթաց» է անվանել RECOVERY-ի բրիտանական կլինիկական ուսումնասիրության արդյունքները։
ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Ֆադելա Շեյբը հայտարարել է․
«Սա առաջին դեղորայքն է, որը դրական արդյունքներ է գրանցել վարակվածների շրջանում մահացության թվերի նվազման արդյունքներում: Սա հրաշալի ցուցանիշ է եւ ես շնորհավորում եմ Մեծ Բրիտանիայի կառավարությանը, Օքսֆորդի համալսարանին, ինչպես նաեւ բրիտանական բազմաթիվ հիվանդանոցների եւ այն հիվանդներին, որոնք իրենց աջակցությամբ ներդրում ունեցան գիտական այս առաջընթացի գրանցման գործում»։
Դեքսամետազոնը դարձել է առաջին դեղամիջոցը՝ տասնյակ այլ փորձարկումներից հետո առաջին դրական արդյունքով:
Մարտ ամսից իրականացվող կլինիկական փորձարկումներում մասնակցություն է ունեցել բրիտանական 175 հիվանդանոցներից 11500 հիվանդ: Փորձարկման մասնակիցներից 2100-ի բուժման դեպքում կիրառվել է դեքսամետազոն, սակայն փորձարկվել է նաեւ հակառետրովիրուսային լոպինավիր պրեպարատ, ազիտրոմիցին հակաբիոտիկ, իմունոդեպրեսանտ, COVID-19-ը հաղթահարած անձանց արյան պլազմայի փոխներարկում, ինչպես նաեւ հակամալարիային հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը: 4300 մարդ ստացել է միայն ստանդարտ բուժում: