ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը կմնա կալանավորված: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ այսօր մերժել է պաշտպանական կողմի բողոքը՝ Լոռեցյանին ազատելու վերաբերյալ: Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասել է նրա պաշտպան Լեւոն Սահակյանը:
Դեկտեմբերի 7-ին ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանին, նրա վարորդին և ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են: