Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի արտաքին գործերի նախարարները երեկ կոչ են արել անցկացնել Ուկրաինայի հարցով միջազգային համաժողով՝ առաջարկելով Ռուսաստանին նույնպես մասնակցել դրան։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Համաժողովի անցկացումը նախատեսվում է 2014 թվականի մայիսի 25-ից հետո, երբ կայանալու են Ուկրաինայի նախագահական ընտրությունները։
«Որպեսզի գործողությունների հստակ ազդանշան լինի, համատեղ միջազգային աջակցության ջանքեր դրսևորվեն և քննարկվի անհրաժեշտ բարեփոխումների անցկացումը, մենք առաջարկում ենք Ուկրաինայի նախագահական ընտրություններից հետո անցկացնել միջազգային համաժողով, որի ժամանակ կհայտարարվի միջազգային աջակցության մասին, այդ թվում՝ տեխնիկական բնույթի», — ասել են արտգործնախարարները Գերմանիայում կայացած հանդիպման ժամանակ։
Նախարարները նաև առաջարկել են բանակցություններ անցկացնել Եվրամիության, Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի մասնակցությամբ, որի ժամանակ կքննարկվի Եվրամիության հետ այդ երկրների ասոցացման համաձայնագրերի ստորագրման հարցը։