Գերմանիայի կառավարությանն անհանգստացնում են Արևելյան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ կառավարական շենքերի գրավումը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի քարտուղար Շտեֆան Զայբերտը։
«Դոնեցկի և Խարկովի վերջին իրադարձություններն անհանգստացնում են մեր երկրի կառավարությանը։ Գերմանիան Ռուսաստանին կոչ է անում կատարել այն խոստումները, որոնք տրվել են 2 երկրների ղեկավարների միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ», — նրա խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Հիշեցնենք, որ այսօր Դոնեցկի շրջխորհրդում հավաքված մի խումբ անձիք հռչակել են Դոնեցկի անկախությունը Ուկրաինայից` որպես Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն, ինչպես նաև դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ այդ շրջան խաղաղապահ զորքեր մտցնելու խնդրանքով։