Վերջին օրերին հասարակությանը ցնցել է Մշակույթի նախարարության հերթական «օրիգինալ» որոշումը: Նախարարությունը որոշել է, որ Գառնու հեթանոսկան տաճարի տարածքում պետք է սրճարան լինի, որպեսզի զբոսաշրջությունը զարգանա: Դժվար է ասել, թե նման որոշում կայացնելու համար նախարարությունում ինչ հատուկ միջոցների են դիմում, սակայն մի հարցում կարելի է վստահ լինել, որ այն զբոսաշրջության աճին չի նպաստի: Armlur.am-ի գլխավոր խմբագիր, հեթանոսական հայացքներ ունեցող Կարեն Վարդանյանը նման որոշումը սրբապղծություն է համարում.««Ճիշտ չէ» ասելը շատ մեղմ կլինի, քանի որ նման տեղում սրճարան կառուցելը համարում եմ առնվազն սրբապղծություն: Եվ դա, ընդհանրապես, հայ մարդու համար է սրբապղծություն՝ կապ չունի հեթանոս, քրիստոնյա, աթեիստ, թե այլ գաղափարախոսության կրող: Գառնին բացի հեթանոսական տաճար լինելուց նաև ազգային, մշակութային արժեք է, որը չի կարելի պղծել: Սրճարան կառուցելու համար տարածք գտնելը խնդիր չի, կարող են կառուցել տաճարի պարիսպներից դուրս, ոչ մի տուրիստ չի ալարի 100 մետր ոտքով քայլի»,- ասաց AraratNews.am-ի զրուցակիցը` ավելացնելով, որ տուրիստները, որոշում կայացնողների նման, միաբջիջ ուղեղ և ստամոքսային մտածելակերպ չունեն.«Նրանք գալիս են հնավայր տեսնելու, այլ ոչ թե այնտեղ լափելու համար: Եվ նկատենք, որ եթե նույնիսկ արդեն հանրապետականներն են սկսել դեմ արտահայտվել այդ մառազմատիկ մտահղացմանը, ապա իրականում որքան աբսուրդային պետք է լինի այն»,-եզրափակեց իր խոսքը մեր զրուցակիցը: