Կառավարությունը վաղվա նիստում որոշում է կայացվելու «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքերում և տարածքներում կառուցապատման ու կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման մասին»:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 15.03.2012թ. N374-Ա որոշմամբ Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանը հանձնվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի շենք-շինությունները, աշխարհում եզակիներից համարվող ստորգետնյա (375 մետր երկարությամբ թունելը) դեֆորմոգրաֆը 1990 թվականից առ այսօր չեն վերանորոգվել, գազամատակարարման համակարգ չկա, ջրամատակարարման համակարգը և ճանապարհը գրեթե անմխիթար վիճակում են»,- ասվում է կառավարության նախագծի հիմնավորման մեջ:
Միաժամանակ նշվում է, որ 2013 թվականի օգոստոսի 16-ին Մինսկում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ԱԻ համակարգող խորհրդի 5-րդ նիստում ընդունված որոշման 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 07.11.2013թ. N1219-Ա որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման համաձայնագրի կնքման առաջարկությանը: ՀՀ ԱԻՆ և ՌԴ ԱԻՆ աշխատանքնային խմբի գործունեության արդյունքում` ՀՀ տարածքում ընտրվել է հումանիտար կենտրոնի տեղակայման վայրը, հայկական և ռուսական կողմերից հատկացվող միջոցները: Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի տեղակայման վայր է ընտրվել ՀՀ Կոտայքի մարզի Գետարգել համայնքի վարչական տարածքում գտնվող «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը, որի շենք-շինությունները, տարածքը 40 տարուց ավելի է, ինչ չեն վերանորոգվել և գտնվում են անմխիթար վիճակում:
«Առաջարկվում է, հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի սուղ հնարավորությունները, ՀՀ պետական սեփականություն հանդիսացող գույքը` ք. Երևան, Աճառյան 54ա հասցեում գտնվող շենքը և այդ շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասը (հողամաս` 7584,66 քմ, 4 հարկանի շենքը և նկուղը՝ ընդհանուր 1292.3 քմ, օժանդակ շինություն` 400.8 քմ), 399 միլիոն, 240 հազար ՀՀ դրամ գնահատված արժեքով, հանձնել կառուցապատողին, որը`
1. կապիտալ կվերանորոգի Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի շենք-շինությունները, 375 մ երկարությամբ, 9 խցիկով, թունելախորշը և այդ վայրում տեղակայված աշխարհում եզակիցներից մեկը համարվող դեֆորմոգրաֆը, կկառուցի գազամատակարարման համակարգ և կկատարի նախահաշվով ներկայացված այլ աշխատանքներ (ծավալաթերթը կցվում է).
2. Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի 1-ին, 10-րդ մասնաշենքերի կապիտալ վերանորոգում և շինարարական աշխատանքներ, ջրամատակարարման ցանցի վերականգնում, տարածքի բարեկարգման և այլ աշխատանքների կատարում(ծավալաթերթը կցվում է)»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ: