տուն Լուրեր Գառան մորթի հագած գայլերը հերթական անգամ փորձում են մտնել հոտի մեջ

Գառան մորթի հագած գայլերը հերթական անգամ փորձում են մտնել հոտի մեջ

301
0

arm07522

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Բարև, ԵՍ եմ» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը, ով միացել է «Ես դեմ եմ պարտադիր կենսաթոշակայինին» քաղաքացիական նախաձեռնությանը:

— Անի, ինչո՞ւ որոշեցիք միանալ այս ակցիային, որին կրկին միացել են նաև շոու բիզնեսի ներկայացուցիչները և հանրությանը հայտնի դեմքեր: Հնարավոր համարո՞ւմ եք հարցի լուծումը, թե՞ պայքարի այս եղանակն էլ սպառվում է:

— Առհասարակ որևէ բանի սկզբունքորեն դեմ չեմ, ծանոթանում եմ, մտորում, դուրս բերում ժողովրդի, շարքային քաղաքացու համար հնարավոր ռիսկերը, ժողովրդի շահերի հետ հաշվի նստելու գործոնը, և եթե տեսնում եմ, որ հերթական անգամ միանձնյա որոշում են կայացնում` առանց քաղաքացիների հետ հաշվի նստելու, առանց հաշվի առնելու օբյեկտիվ իրականությունը, զայրանում եմ ու անտարբեր չեմ մնում: Չեմ կարողանում անտարբեր լինել, երբ գիտեմ, որ ամեն մի նոր, նմանօրինակ օրենքը սոցիալապես էլ ավելի վատ վիճակում է գցում նվազագույն եկամուտով ապրող հայ մարդուն: Եվ, որ ամենակարևորն է՝ պահանջում ենք օրենքը կիրառել կամավոր սկզբունքով: Ինձանից շատ որևէ մեկը չի կարող մտահոգվել իմ ապագայի, իմ հետագա բարեկեցության կամ իմ ապահով ծերության համար: Հայ մարդն այսօր ապրելու, գոյատևելու խնդիր ունի, մեր իշխանությունը ինչի հետևից է ընկել, այսօրվա ապահով կյանք ապահովելու փոխարեն ապագայի դարդն են լացում, այն դեպքում, երբ գիտես, թե մտքներին ինչ է: Գառան մորթի հագած գայլերը հերթական անգամ մտնում են, ավելի ճիշտ փորձում են մտնել հոտի մեջ, ձևանալ բարեկամ, օգնել ցանկացող, բայց այդ դիմակները ժողովուրդը վաղուց է պատռել և չի հավատում այլևս կեղծ բարի կամեցողներին:

Կարծում եմ, որ մեր հայրենի իշխանավորները լավ կանեն քիչ յուրացնեն պետական ֆինանսները և բյուջեն սեփական կարիքների համար չտնօրինեն, և ամեն բան տեղը կընկնի, ոչ թե իրենք իրենց շռայլ ծախսեր թույլ տան, օրական գործուղումների գնան, ոչ պարտադիր պետական գնումներ անեն, բիզնեսներ հիմնեն բարեկամների անունով և դրանց տենդերներ տան, հետո էլ ասեն, թե պետությունը փող չունի ու կրկին դիմեն իրենց միակ ծանոթ` սիրելի միջոցին, այն է՝ ժողովրդին կեղեքելուն: Սպառել են մեր իշխանությունները իրենց վստահության բանկը, չունեն լումա անգամ այնտեղ թողած, ու ես` որպես հայ ժողովրդի մասնիկ, ասում եմ իրենց, որ այլևս ժողովրդից վստահության վարկ չեն ստանա, թեկուզ մեծ տոկոսադրույքներով, քանզի իրենք սարսափելի անհուսալի ու ոչ բարեխիղճ վարկառու են: Ժողովուրդը չի հավատում մի ռեժիմի, որից խաբվել է բազմիցս:

Քանի որ ինքս նախաձեռնող խմբի անդամ չեմ, դժվարանում եմ ասել հստակ անելիքների ծրագիրն ու հաջորդականությունը: Գիտեմ, որ տարբեր տեսակի երթեր են անցկացնում, այդ թվում` հեծանիվներով, ինչպես նաև հայտնի մարդկանց են ներգրավում իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով: Նպատակ կա պատրաստելու քարոզող, իրազեկող հոլովակ՝ հանրային դեմքերի մասնակցությամբ: Ինքս էլ միացել եմ՝ հավատով, որ մեր ձայնը կլսեն ու դրա հետ հաշվի կնստեն: Հազարավոր մարդիկ իրենց ստորագրությունն են տվել, որ դեմ են այս օրենքի պարտադիր կիրառմանը: Ես նույնպես դեմ եմ և իմ հնարավորությունների ու պատկերացումների սահմանում փորձում եմ պայքարել: Ինքս նաև գործատու եմ, զրուցել եմ իմ ընկերության աշխատակիցների հետ, նրանք նույնպես դեմ են ու համակարծիք են ինձ հետ: Առանց այն էլ շատ մեծ դժվարությամբ ու ֆինանսական խնդիրներով ենք պահում ընկերությունը, հարկերի տակից հազիվ ենք դուրս գալիս, հատկապես երբ շրջանառության անհեթեթ հարկը մտցվեց, այժմ էլ սա: Կարծես ամեն բան անում են` փոքր ու միջին բիզնեսը վերջնականապես սպանելու, փոքր ու միջին եկամուտ ունեցող քաղաքացիների մեջքը կոտրելու համար: Դե իսկ իրենց խոշոր շնաձկները` միշտ չաղ, ուրախ, բախտավոր, և ո՞ւմ հաշվին` իմ, քո, նրա, մեր քրտնաջան աշխատանքի ու վճարած հարկերի շնորհիվ: Ու, ամենակարևորը, որ այլևս հավատ չկա, վստահություն չկա, որ մի դժգույն օր չեն վերցնի մեր գումարներն ու անհետանան կամ անհասկանալի հանգամանքներում սնանկանան: Ես չեմ վստահում այս իշխանություններին ու չեմ պատրաստվում ամեն անգամ լուռ տանել իրենց ընդունած օրենքները, երբ քաղաքացիներիս հետ հաշվի չեն նստում: Ես չեմ ընդունում ոչ մի որոշում և օրենք, որ ընդունվել է առանց մեզ, մեր հնարավորություններն ու կարծիքը, կամքն ու ցանկությունը հաշվի առնելու:

— Սակայն այս տարիների ընթացքում գրեթե ոչ մի որոշում չի ընդունվել հանրության կարծիքը հաշվի առնելով:

— Այո, դրա համար էլ պայքարում ենք, որ այլ կերպ լինի, որ հանրային գերակա շահը հաշվի առնվի, ոչ թե իրենց կամքը:

Շարունակությունն այստեղ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here