տուն Քաղաքական Գանդին եւ թուրքերը. արձան՝ հանուն ինչի. ԱԳՆ-ի պարզաբանումը

Գանդին եւ թուրքերը. արձան՝ հանուն ինչի. ԱԳՆ-ի պարզաբանումը

547
0

Հնդկաստանի հոգեւոր առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանը Երեւանում տեղադրելը հասարակական ոչ բոլոր շրջանակների սրտով է: Հրապարակվեց մի հոդված Գանդիի մասին, որտեղ գրված էր՝ Գանդին երբեք չի անդրադարձել Հայոց ցեղասպանությանը, Գանդին դեմ է կանգնել «մեծ տերությունների» կողմից Առաջին աշխարհամարտի ավարտին «Թուրքիային պատճառված անարդարություններին»։

Araratnews.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հարցրեց՝ արդյոք տեղադրվելու է Գանդիի արձանը Երեւանում, եթե Թուրքիային քաջալերող խոսքեր է ասել: Բացի այդ՝ ամեն երկիր, եթե դիմի ու իր ֆինանսներով արձան ունենալու պահանջ դնի, պետք է բավարարե՞լ նրա խնդրանքը: «2019 թ․ միջազգային հանրությունը շատ երկրներում տոնում էր Մահաթմա Գանդիի 150-ամյակը։ Հայաստանում ևս Գանդիի հոբելյանի կապակցությամբ մարվել և շրջանառության մեջ է դրվել նամականիշ, կազմակերպվել են իրազեկման ակցիաներ և մի շարք այլ միջոցառումներ։ Գանդիի 150-ամյակը նշանավորող խաղաղությանը նվիրված Ջայ Ջագաթ քայլերթը (մեկնարկել է հոկտեմբերի 2-ին
Հնդկաստանում և տևելու է մեկ տարի) ներառել է նաև Հայաստանը:
Երևանում ականավոր քաղաքական գործիչ, խաղաղության առաքյալ Մահաթմա Գանդիի արձանի տեղադրման առաջարկը եղել է Հնդկաստանի դեսպանության կողմից։ Հաշվի առնելով Մահաթմա Գանդիի համամարդկային ներդրումը, հայ-հնդկական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, հարաճուն համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, ինչպես նաև բազմաթիվ այլ հանգամանքներ՝ ԱԳՆ-ը նպատակահարմար է համարել առաջարկելու Երևանի
քաղաքապետարանին կատարել համապատասխան տարածքի հատկացում, որտեղ կտեղադրվի Հնդկաստանում հատուկ պատրաստված արձանը։
Այս քայլը համընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-հնդկական ավանդական հարաբերությունների բարիդրացիական ոգու ևս մեկ դրսևորում է։
Հիշեցնենք նաև, որ Հնդկաստանում առկա է նշանակալի հայկական մշակութային, ճարտարապետական ժառանգություն, և մենք երախտապարտ ենք մեր հնդիկ գործընկերներին այդ հուշարձաններին խնամքով վերաբերվելու համար։
Հավելենք նաև, որ Մահաթմա Գանդիի արձանը տեղադրված է աշխարհի բոլոր մայրցամաքներում, 50-ից ավելի երկրների տարբեր քաղաքներում»,- տեղեկացնում է ԱԳՆ-ը:

Սոնա Դավթյան