«Գազպրոմ Արմենիա»-ն դեռեւս հայտ չի ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու հարցով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիաննա Ազիզյանը:
Նշենք, որ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը Lragir.am-ին հայտնել է, թե չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար:
Նա նշել է, որ գազի գինը չթանկանալու մասին հայտարարությունը վերաբերում է միայն սահմանին վաճառվող գազին, բայց դա չի նշանակում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարող հայտ ներկայացնել հանձնաժողով:
«Հայկական ժամանակ»-ը թեմայի վերաբերյալ հարցում է ուղարկել գազի ոլորտը համակարգող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ՝ պարզելու, թե արդյո՞ք ռուսական «Գազպրոմ»-ի հետ բանակցությունների ժամանակ այս հարցը քննարկվել է թե՝ ոչ: Հարցման, պատասխան, սակայն, դեռեւս չենք ստացել:
Հիշեցնենք, որ 2019 թվականի վերջին տեղեկություն եղավ, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020 թվականին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի եւ կմնա 2019-ի մակարդակին:
Իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մինչ այդ հայտարարել էր, որ հայ սպառողների համար բնական գազի սակագինը չի փոփոխվի մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը, իսկ հետագայի համար դեռ բանակցություններ են ընթանում: