Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը գազի գնի իջեցման համար:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այսօր «Գազի գնի իջեցման» թեմայի քննարկմանն ասաց, որ գազի սակագնի բարձրացման բոլոր հաշվետվությունները միշտ կարդացել է, բայց երբեւէ չի գտել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հիմնավորումները, թե ինչո՞ւ համար պետք է 1000 մետր խորանարդ գազի դիմաց վճարել 300-400-500 դոլար եւ ոչ թե այլ գին:
ՀԾԿՀ-ը, տնտեսագետի խոսքով, շատ կարեւոր խնդիր ունի`ապացուցել որ «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտն օբյեկտիվ է:
Հիշեցնենք՝ «Գազպրոմ Արմենիան» այս տարվա ապրիլի մեկին դիմել է ՀԾԿՀ՝ գազի գնի վերանայման՝ բարձրացման համար:
Տնտեսագետը սա համարում է անհարգալից վերաբերմունք ՀՀ-ի նկատմամբ` կորոնավիրուսով պայմանավորված այս տնտեսական ճգնաժամում իր մատուցած «նվերի» համար:
Եթե ՀԾԿՀ-ը բավարարի «Գազպրոմի» հայտը, «Գազպրոմ Արմենիան» Հայաստանից 30 միլիոն դոլար ավելի է տանելու:
Տնտեսագետը կառավարությանը մեկ առաջարկ է անում. Հայաստանի պես երկրների պարագայում ՄԱԿ-ի մակարդակով ամրագրված արտոնություններ կան, օրինակ, տրանսպորտային արտոնություն, երբ տրանսպորտային ծախսերը չեն մտցվում մաքսային արժեքի մեջ: Ինչո՞ւ ՀՀ-ն դա չի օգտագործում, Վահագն Խաչատրյանը չգիտի:
Տնտեսագետը կանխատեսում է` գազի գնի բարձրացման դեպքում մեր տնտեսությանը մեծ հարված կհասցնի: Առանց այդ էլ մինչեւ հիմա հիմնավորում չկա, թե ինչու է գազը սահմանին 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: