տուն Տնտեսական Ռուսաստանից էժան գազ ստանալու գինը

Ռուսաստանից էժան գազ ստանալու գինը

244
0

 kiv-11-new

 

Վերջին շրջանում մամուլի ուշադրության կենտրոնում է գտնվում գազի նոր սակագնի վերաբերյալ պայմանագիր  լինել չլինելու հարցը, ինչպես նաև գազի սակագնի իջեցման վերաբերյալ խոսակցությունները: Արդյո՞ք այս ամենը որևէ կերպ կախված է ՄՄ անդամակցելու որոշումից, թե ոչ, և ընդհանրապես ի՞նչ է տալու Հայաստանին Մաքսային Միությունը: Այս հարցերի շուրջ araratnews-ի թղթակիցը զրուցել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ, ով նշել է, որ

Հայաստանի իշխանությունները, որևէ կերպ պարտավորված չլինելով հաշվետու լինել հասարակության առաջ, մշտապես զբաղված են տարատեսակ մեքենայություններով, ինչպես նաև երկրի քաղաքացիներին մոլորեցնելով և բացահայտ խաբելով: «Հենց այս կոնտեքստում էլ պետք է գնահատել վերջին օրերին Հայաստանում արծարծվող գազի նոր սակագնի վերաբերյալ պայմանագիր լինել-չլինելու խնդիրը: Ամիսներ շարունակ հասարակությունից ինչ-ինչ մտացածին պատրվակներով թաքցվում էր այդ պայմանագիրը, հետո էլ Ազգային ժողովում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է, որ նման պայմանագիր չկա, սակայն ավելի ուշ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հանկարծակի «հիշում է» որ «գազի գնի ներկրման պայմանագիր կա, բայց ոչ Հայաստանի և Ռուսաստանի միջև, այլ «Գազպրոմի» և «ՀայՌուսգազարդ»-ի միջև»: Այս ամենն ակնհայտորեն վկայում է, որ Հայաստանի իշխանությունները ակամայից խճճում են վիճակը և իրենք իրենց հակասում, քանի որ ոչ միայն թաքցնելու բան ունեն, այլ նաև չի բացառվում՝ ստվերային ինչ-որ պայմանավորվածություններ կամ գործարքներ ռուսական կողմի հետ, այդ թվում և «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի կառավարությանը պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին զիջելու հետ կապված»,- կարծում է վերլուծաբանը։ Ըստ նրա, այլ պարագայում Հայաստանի իշխանությունները կցուցաբերեին առավելագույն թափանցիկություն, որպեսզի հասարակության շրջանում փարատեին բոլոր կասկածները և հիմք չտային այս կամ այն վարկածի առաջացմանը և զարգացմանը: Անդրադառնալով գազի սակագնի իջեցման մասին խոսակցություններինˋ Արգիշտի Կիվիրյանը նշել է. «Ըստ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների կցկտուր հայտարարությունների, Մաքսային միություն մտնելու Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ռուսական դաշտում առկա արտահանման հարկերը (շուրջ 30 տոկոս) այլևս չեն կիրառվելու Հայաստան մատակարարվող գազի վրա, և Հայաստան ներկրվող գազը լինելու է ռուսական գազի գնին, գումարած տրանսպորտային ծախսերը, որով այն հասնում է Հայաստան: Պաշտոնապես, հուլիսի 7-ից գազի սակագինը սահմանի վրա 1000 խմ դիմաց 180 դոլարից դարձել է 270 դոլար, սակայն 30 տոկոս սուբսիդավորելուց հետո` սպառողներն այն ստանում էին 189 դոլարով, և ներկայումս ռուսական կողմը որոշել է սահմանի վրա ևս գազի գինը դարձնել 189 դոլար: Հ

այաստանի իշխանությունները նաև նշում են, որ ներկայումս Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև բանակցությունները շարունակվում են, քանի որ գազի թանկացումից հետո մինչև սեպտեմբերի 3-ը չսուբսիդավորված գազի պարտք կա, որը ռուսական կողմը վերցրել է իր վրա, սակայն անհայտ է մնում, թե ինչ մեխանիզմով և ինչի դիմաց»: Վերլուծաբանի համոզմամբˋ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու պարագայում գազի սակագնի իջեցման հավանականությունը չնչին է,  քանի որ, ըստ նրա, Ռուսաստանը ցանկացած պարագայում չի հրաժարվի Հայաստանի հաշվին փող աշխատելու հեռանկարից, մինչդեռ, Կիվիրյանի կարծիքով,կարող է և չբարձրացնել գազի գինը, որպեսզի դրանով փորձի գտնել Մաքսային միությունով այլ «գայթակվողների»: «Վերջիվերջո էներգակիրները հանդիսանում են Ռուսաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության գործիքներից մեկը, և այդ պարագայում գազի սակագնի տատանումները վերև կամ ներքև՝ կախված են լինելու միմիայն քաղաքական բաղադրիչներից: Ու վերջիվերջո հասկանանք, որ Ռուսաստանից էժան գազ ստանալու գինըˋ դա Հայաստանի սուվերենության սահմանափակումն է, այնպես որ պետք է մտածել ոչ թե ռուսական էժան գազի, այլ Հայաստանի համար էներգակիրների մատակարարման այլընտրանքային աղբյուրներ գտնելու մասին, ինչը թույլ կտա ձերբազատվելու այս կարգի կախվածությունից և վարելու շատ ավելի ազատ և ճկուն քաղաքականություն»,- AraratNews-ի հետ զրույցն եզրափակել է վերլուծաբանը:

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here