Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ գազի կալորիականության վերաբերյալ հասարակության անվստահության խնդրին: Նա հարցրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, թե ինչ կարելի է անել, համոզվելու համար, որ գազի կալորիականությունը համապատասխանում է 7900 կկալ/խմ-ին: Ռ. Նազարյանը նշեց, որ դժգոհությունը այսօր գալիս է ոչ միայն ֆիզիկական անձանցից, այլև` իրավաբանական անձանցից` գործարարներից: Նրա խոսքով` գազի կալորիականությունը չափվում է սահմանի վրա, ինչպես նաև Հրազդանի ՋԷԿ-ում, Երևանի ՋԷԿ-ում, Արարատի ցեմենտի գործարանում, սակայն սա տնտեսվարողների համար բավարար չէ: Անցած տարվա մայիսին գործարարների հետ հանդիպման ժամանակ, Նազարյանի խոսքով, իրենք առաջարկել են տնտեսվարողներին ձեռք բերել կալորիականությունը ստուգող լաբորատորիա, որի արժեքը 25 -60 հազար դոլար է: Սակայն, մինչ այժմ, գործարարները չեն կարողացել նման լաբորատորիա ձեռք բերել:
Ռ. Նազարյանն առաջարկեց ստեղծել հանձնաժողով` էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ, որը կներառի բոլոր շահագրգիռ կողմերին և առաջարկություններ կանի, թե ինչպես կարելի է լուծել խնդիրը: Այդ հանձնաժողովում Նազարյանն առաջարկեց ներառել գյուղատնտեսության նախարարության, ԳԱԱ-ի, հանրային խորհրդի ներկայացուցիչներին:
«Ռոբերտ Նիկոլաևիչ, մասնագետները մեզ ներկայացրել են եզրակացություն, որ գազի կալորիականության արհեստական փոփոխությունը անհնար է»,- ասաց Տիգրան Սարգսյանը` դիմելով Ռ. Նազարյանին: «Դուք առաջարկում եք հանձնաժողով ստեղծել: Պարոն Գաբրիելյան, պատրաստեք որոշում` Էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ հանձանժողով ստեղծելու վերաբերյալ և համապատասխան հայտարարություն արեք, որ բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունները հայտ ներկայացնեն և մասնակցեն աշխատանքներին»,- հանձնարարեց Տ. Սարգսյանը: