Այսօր ՀՀ Կառավարության շենքի առջեւ տեղի ունեցած «Ընդդեմ գազի գնի թանկացման» բողոքի ակցային քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը նշեց, որ ներկա իշխանությունները «ապօրինաբար» թանկացնում են ոչ միայն գազի գինը, այլեւ իջեցրել են գազի որակը:
«Ցավոք սրտի, հանրության մեծ շրջանակների մոտ չկար այդ բողոքը նույնիսկ անցած տարի: Մի խումբ քաղաքացիների մոտ կար, ովքեր այդ գիծը հիմա էլ են առաջ տանում: Անհիմն ձեւով թանկացնում են գազը եւ գազի կալորիականությունն էլ ցածր է: Փաստացի, ժողովուրդը կրկնակի է տուժում»,-ասում է Սաֆարյանը Araratnews.am-ի հետ զրույցում:
Նա հավելում է, որ իշխանություններից չի սպասում ադեկվատ պատասխան, եւ Հայաստանում ցանկացած խնդիր լուծվում է, երբ մեծ ճնշում է գործադրվում փողոցից:
Այն հարցին, թե ինչու՞ մարդիկ դուրս չեն գալիս փողոց պայքարելու ու իրենց բողոքը արտահայտելու գազի գնի թանկացման դեմ, նա ասաց.
«Ցավոք սրտի մեր հանրության մեջ հին ձեւ կա, մարդիկ բողոքում են՝ արտագաղթելով երկրից: Գազի թանկացումը նոր արտագաղթի ալիք առաջացրեց, այլ ոչ թե նոր բողոքի ալիք»:
Ակցիայի մասնակիցˋ ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն նշում է, որ փոքր խմբերով ընդվզումներից որեւէ ակնկալիք չունի:
«Միայն պետք է, որ իշխանությունները փոխվեն, այլ տարբերակ չկա: Մի քանի հարյուրավոր մասնավոր հարցերի հետեւում կանգնած է մի սիստեմաˋ իշխանությունները: Գուցե մի «պոզիցիայով» մի բան փոխեն, բայց մնացած 98 տոկոսը մնում է, իշխանություններին պետք է վերացնել»,-ասաց Սարուխանյանը: