Քանի որ խնդիրը մարդկային կյանքին է վերաբերում եւ մի քանի հարյուր անձանց առողջության, նաեւ արդարության եւ արդարադատության իրավիճակին Հայաստանում, ինձ համար խիստ կարեւոր է, որ ցանկացած հանցագործ պատժվի: Այսօր այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր, նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանը:
Նշենք, որ այս շաբաթ Ազգային Ժողովում նա ներկայացրել էր Մարտի մեկի գործով հանձնաժողով ստեղծելու առաջարկը:
«Ես դեռ հույս ունեմ, որ իշխանությունները կամք կգտնեն եւ մենք համաձայնության կգանք այդ խնդիրը բացահայտելու համար: Ես հույս ունեմ, որ իշխանությունը իր մեջ քաղաքական համարձակություն կգտնի: Այսպիսի ծանր ժառանգությամբ շարժվել հեշտ չէ: Հայաստանը չի կարող ոտքերը կապված՝ այսպիսի ծանրաձողերի առաջ շարժվել»,-ասում է Ջհանգիրյանը:
Ըստ նրաˋ Մարտի մեկի հանձնաժողով ստեղծելը առավել անբարենպաստ է լինելու իշխանության համար, քան չստեղծելը:
«Իմ հույսը նախկին դատախազի հույս է: Ուզում է լինի միապետություն, բռնապետություն, թե հանրապետություն, չի կարող լինել մի երկիր, որտեղ սպանությունները չպատժվեն»,- հավելում է Ջհանգիրյանը: