տուն Քաղաքական Վերլուծական Գագիկ Հարությունյանը հանրությանը կդրդի քաղաքացիական անհնազանդության

Գագիկ Հարությունյանը հանրությանը կդրդի քաղաքացիական անհնազանդության

416
0

MMMMMMMMMMMMMMMM

Վերջին շրջանում նկատվում է քաղաքացիական անհնազանդության մասին խոսակցությունների ակտիվացում:  Հանրության մեջ արմատանում է քաղաքացիական անհնազանդության գաղափարը և ավելի ու ավելի շատ են սկսում իրականացվել քաղաքացիական անհնազանդության գործողություններ:

Քաղաքացիական անհնազանդության հաջողված գործողություն էր տրանսպորտի թանկացման ժամանակ ավելացված գումարը չվճարելը, 150 դրամ գրառմամբ թերթիկները պոկելը և փոխարենը 100 դրամ գրառմամբ պաստառներ կպցնելը, ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի նախաձեռնության կազմակերպած ավտոերթերը, իրենց աշխատակիցների քաղաքացիական դիրքորոշման արտահայտումը խոչընդոտող կազմակերպությունների՝ «Վիվա Սելլ»-ի և «Անելիք» բանկի բոյկոտը: Վերջին օրերին համացանցում տարածվում են տարատեսակ տեսանյութեր` գազի հաշվիչները կանգնեցնելու մեթոդները բնութագրող, որոնք իրականացվելու դեպքում կարող են վերածվել քաղաքացիական անհնազանդության յուրահատուկ գործողության:

Քաղաքացիական անհնազանդության մասին խոսակցությունները, քննարկումները ավելի ակտիվորեն սկսեցին տարածվել  նախորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին, երբ որոշ քաղաքացիական խմբերի և քաղաքական գործիչների կողմից կոչ արվեց դիմել քաղաքացիական անհնազանդության: Այն ժամանակ ամբողջ իշխանական մամուլը հեղեղվեց քաղաքացիական անհնազանդությունը որպես հանցագործություն, սովորական օրինախախտում ներկայացնող հրապարակումներով՝ դրանով իսկ փորձ անելով խեղաթյուրել տերմինը և հանրությանը հետ պահել նմանատիպ քայլերից:

Ներկայումս, կապված թեմայի ակտուալացման հետ,  նորից նկատվում են խեղաթյուրման փորձեր, դրա համար անհրաժեշտություն է առաջանում հստակորեն ձևակերպել և հանրությանը ներկայացնել, թե ինչ է քաղաքացիական անհնազանդությունը:

Քաղաքացիական անհնազանդությունը և դիմադրության իրավունքը ձևակերպված է անգամ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի խմբագրությամբ լույս տեսած ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններում («ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ», ընդհանուր խմբագրությամբ` Գ Հարությունյանի, Ա. Վաղարշյանի — 2010թ.):

Մասնավորապես Սահմանադրության 2-րդ հոդվածի մեկնաբանության մեջ ասվում է.

Անմիջական կամ ուղղակի ժողովրդաիշխանության դեպքում ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն իրականացնում է անմիջապես ինքը՝ ուղղակիորեն իր կամքն արտահայտելով: Այս դեպքում քաղաքական որոշումներն ընդունում է ինքը՝ ժողովուրդը (քաղաքացիները)՝ ըստ ձայների մեծամասնության:

Պարզ է, որ ներկայումս թե՛ կենսաթոշակային բարեփոխումների, թե՛ գազի և տրանսպորտի գների բարձրացման, և թե՛ վերջին շրջանում ինքնիշխանությունը զիջող պայմանագրերի հետ կապված ժողովրդի (քաղաքացիների) որոշումը բացասական է, և հակառակը պնդելու համար՝ առնվազն պետք է անցկացվեին հանրաքվեներ կամ լայն հանրային քննարկումներ, որոնք ևս անմիջական ժողովրդավարության ձևեր են: Այդ ձևերի մասին ևս խոսվում է վերոնշյալ մեկնաբանության մեջ.

Անմիջական ժողովրդաիշխանության ձեւերն են` հանրաքվեն, ընտրությունները, ժողովրդական նախաձեռնությունը, ընտրված ներկայացուցիչներին հետ կանչելը, ժողովրդական հարցումը, ժողովրդական քննարկումը, անհնազանդության իրավունքը: Սահմանադրությունը դրանցից ուղղակիորեն վկայակոչում է հանրաքվեն եւ ընտրությունները: Սակայն դա չի նշանակում, որ մնացած ձեւերի իրավունքը ժողովուրդն ինքն իրեն չի վերապահել: ժողովուրդն իրավազոր է կատարելու այն ամենը, ինչն ուղղակիորեն չի արգելված Սահմանադրությամբ: Հետեւաբար, ժողովրդաիշխանության մնացած ձեւերի ամրագրումն օրենքի խնդիրն է:

Սակայն ինչպես տեսնում ենք ՀՀ քաղաքացին զրկված է անմիջական ժողովրդավարության ձևերի մեծամասնության իրականացման հնարավորություններից, մասնավորապես՝ ազատ ընտրություններից, հանրաքվեների իրականացումից և իրական արդյունքների ստացումից, իսկ  ընտրված ներկայացուցիչներին հետ կանչելու մեխանիզմ ընդհանրապես չի գործում: Հետևաբար, մնում է հանրության կողմից անհնազանդության իրավունքի կենսագործումը, որը ևս առկա է Սահմանադրության մեկնաբանություններում.

Ճնշմանը եւ բռնապետությանը դիմադրելը՝ ժողովրդին պատկանող իրավունքն է, որ կարող է արտահայտվել իշխանությունների ապօրինի ակտերին եւ գործողություններին դիմադրելով: Դիմադրության արդի եւ նպատակահարմար ձեւը քաղաքացիական անհնազանդությունն է:

Քաղաքացիական անհնազանդությունը դիմադրության ոչ բռնի, խաղաղ եղանակն է, երբ ժողովուրդը դեմ է արտահայտվում իշխանությունների քաղաքականությանը հանրային հավաքների, ճանապարհների շրջափակման, քարոզչական թերթիկների տարածման, գործադուլների անցկացման, իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու միջոցով:

Իհարկե, սահմանադրության մեկնաբանություններում որոշակիորեն նեղացված են քաղաքացիական անհնազանդության սահմանները և ներկայացված են դրա միայն մի քանի ձևերը, սակայն այս իրավունքը բխում  է իրավունքի գերակայության սկզբունքից և չի բացառում նաև մյուս ձևերի օգտագործումը:

Քաղաքացիական անհնազանդությունը հիմնականում ներկայացվում է որպես ոչ բռնի պայքար, սակայն որոշ տեսաբաններ ու ակտիվիստներ համարում են, որ քաղաքացիական անհնազանդությունը կարող է ներառել նաև բռնի գործողություններ:

Ներկայիս պայմաններում քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի եղանակներն անգամ բավարար են օրակարգում դրված խնդիրները լուծելու համար:

Այսպիսով Գագիկ Հարությունյանը առաջիկայում պետք է քննություն բռնի: Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքի սահմանադրականության քննության ժամանակ դրական եզրակացություն տալու դեպքում նա հանրությանը կդրդի քաղաքացիական անհնազանդության, որի իրավունքը և ձևերը մեկնաբանվել են իր իսկ կողմից:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here