ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Արթուր Բաղդասարյան-Գագիկ Ծառուկյան վեճին: Նա նշել է, որ Ծառուկյանն ու Բաղդասարյանը համագործակցել են և համագործակցելու են: «Այս հարցի շուրջ գրեթե չկա մի այնպիսի անկյուն, որը պարզաբանված չլինի, եկեք փակենք այդ հարցը, քաղաքական դաշտում որպես թիմի ղեկավարներ, բնականաբար համագործակցել են և համագործակցելու են, աշխատելու են»,- նշել է Բիշարյանը։
Լրագրողների հարցին ի պատասխան ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ անդրադարձել է նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանի՝ Արթուր Բաղդասարյանի հասցեին հնչեցրած քննադատությանը:
«Զարմանում եմ, որ նախագահի թեկնածու առաջադրված անձը դարձել է էժանագին մեկնաբանություններ գրող, ցավում եմ նաև, որ այդ մարդը առաջադրվել է նախագահի թեկնածու»,- ասաց Շահգելդյանը:
Նա նշել է, որ ընդհանրապես դիմացինին քննադատելուց առաջ ամեն մեկը նախ պետք է տեսնի, թե ինքը ով է, ինչպիսի ճանապարհ է անցել, կշիռը թո՞ւյլ է տալիս, որ ինքը քննադատի, թե ոչ:
Էմմա Պալյան