Կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը դուրս է գրվել Մեքսիկայի հիվանդանոցներից մեկից, ուր նա դիմել էր սուր վարակի պատճառով։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
87-ամյա աշխարհահռչակ գրողի, Նոբելյան մրցանակակրի ներկայացուցիչներն ասել են, որ Մարկեսը բուժումը կշարունակի տանը։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 31-ին, ուր հակաբորբոքայիններով բուժում էր ստացել։ Բժիշկները նշել են, որ Մարկեսի կյանքին լուրջ վտանգ չի սպառնում, սակայն նա առայժմ շատ թույլ է՝ հաշվի առնելով նրա պատկառելի տարիքը։
Այժմ Մարկեսը գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, որպեսզի հնարավոր լինի խուսափել բարդացումներից։