ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 20.11.2013
Բռնության տարբեր դրսևորումների և դրանց հետևանքների վերաբերյալ հանրության իրազեկությունը բարձրացնելու նպատակով Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության Երևանի Տարածքային զարգացման ծրագրի գրասենյակը (ՎՎՀ Երևան ՏԶԾ) Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում մի շարք միջոցառումներ իրականացրեց: Թիվ 103 ավագ դպրոցում աշակերտները ֆիզիկական, հոգեբանական և տնտեսական բռնության թեմաներով ինտերակտիվ թատրոն ներկայացրին: Դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Ադրինե Նիդելյանը նշեց, որ այսօրինակ մանրապատումների օգնությամբ տեղեկացան բռնության վատ ազդեցության մասին հասարակական ու ընտանեկան միջավայրում:
«Զեյթուն» մշակույթի կենտրոնում թիվ 44, 48 և 125 դպրոցների աշակերտների ծնողները տեղեկացան երեխայի հանդեպ բռնության տեսակներին և դրանց առանձնահատկություններին: Բանախոսը նշեց, որ երեխայի աճի և բնականոն զարգացմանը լրջագույն խոչընդոտ է բարձիթողությունը կամ անտեսումը, որը բռնության տարածված տեսակ է, և այն հատուկ չէ միայն սոցիալական նվազ պայմաններում ապրող ընտանիքներին: Բռնության հոգեբանական, ֆիզիկական ու անտեսման տեսակները տարածված են հանրային կեցության բոլոր հարթություններում, և յուրաքանչյուրի պայքարը դրանց հաղթահարման գործում կարևոր է: Տեղեկացվեց նաև սեռական բռնության ծանր հետևանքների և առանձնահատկությունների մասին, որն ուղղորդվում է հոգեբանական և ֆիզիկական բռնաճնշումներով: Սեռական բռնության տարածվածությունը այլ բովանդակություն է ստացել նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, քանի որ բռնացողները սոցիալական ցանցերն օգտագործում են նոր զոհեր գտնելու համար: Ծնողներից մեկն ասաց, որ իրազեկել անհրաժեշտ է նաև երեխաներին, հատկապես համացանցային անվտանգության առումով:
«Ծեծը՝ որպես դաստիարակության մեթոդ» թեմայով բանավեճ էր կազմակերպվել ծնողների և աշակերտների միջև թիվ 136 դպրոցում: Իսկ թիվ 159 մանկապարտեզում փոքրիկները հայտնի հեքիաթների մոտիվներով հիանալի ներկայացում ցուցադրեցին չար և բարի հերոսների կերպարներով: Փոքրիկ Գոհարիկը ամփոփեց միջոցառումը «Բարությունը կփրկի աշխարհը» կարգախոսով:
Համայնքի բանուկ հատվածներում ակտիվ երիտասարդները բռնության տեսարանով իմիտացիա էին կազմակերպել` նպատակ ունենալով պարզել, թե որքանով են անցորդները համապատասխան ուշադրության արժանացնում փողոցում անծանոթ քաղաքացիների միջև բռնությամբ զուգորդված վեճերը: Ցավալի է, որ մի քանի «բեմադրված տեսարանների» տասնյակ ականատասներից միայն մի քանի տարեց քաղաքացիներ միջամտեցին ներկայացված վեճին, իսկ անցորդներից մեկը նույնիսկ ասաց, թե. «Երեխաներ են, էլի, թող կռվեն»:
ՎՎՀ Երևան ՏԶԾ
Կոնտակտային անձ
Արարատ Ալիխանյան
Համայնքային զարգացման մասնագետ
ՎՎՀ Երևան ՏԶԾ
Հեռ.091727941
Էլ.փոստ.ararat_alikhanyan@wvi.org