Արագածոտնի մարզի գյուղերից մեկում բուժքրոջ ներարկումից մահացած քաղաքացին՝ Հայկ Հակոբյանը, բուժքրոջ ամուսնու եղբայրն է: Araratnews.am-ին այս մասին ասաց Շենավանի վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Ժիրայր Ղազարյանը:
Հիշեցնենք՝ երեկ Shamshyan.com-ը գրել էր, որ Շենավան գյուղի բժշկական ամբուլատորիայի բուժքույր՝ 44-ամյա Ռեբեկա Ս.-ն իր տանը ներարկել է «Ցենտրոքսիոն աստերիա» տեսակի դեղամիջոց, որի հետևանքով Հայկ Հ.-ն մահացել է:
Շենավանի ղեկավարի խոսքով՝ Հայկ Հակոբյանը թոքերի հետ կապված խնդիր ուներ: «Շաբաթ երեկոյան՝ ժամը 7-8-ի կողմերը, Հայկը վատ է զգացել, գնացել է եղբոր կնոջ՝ բուժքույր Ռեբեկա Սահրադյանի մոտ, որ իր վիճակը մի փոքր թեթեւացնի: Նա էլ փորձել է միջամտել, իր ամուսնու եղբորն օգնություն ցույց տալ»,- մանրամասնեց վարչական շրջանի ղեկավարը:
Պարոն Ղազարյանի խոսքով՝ Հայկի հարազատներին զայրացրել է դեպքի վերաբերյալ մամուլի հրապարակումը: Նրանք որեւէ բողոք կամ դժգոհություն չունեն բուժքրոջից: «Ես երկու օր նրանց տանն էի: Մահացածի հարազատները դժգոհում էին, թե ինչու են չեղած տեղը վերլուծում դեպքը»,- ասաց Շենավանի ղեկավարը:
Սոնա Դավթյան