Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը: Օրակարգում ընդգրկված է 27 հարց:
Քննարկվում է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին հարցը:
Տարածքային կառավարման և ենթակառուվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը իր ելույթում մասնավորապես նշեց.
«Այս օրենքը նպատակ ունի ընկերությունների կողմից կատարված բնապահպանական հարկերից մասհանումներ հատկացնել համայնքներին՝ նպատակային ծրագրերի համար: Այս օրենքում մեզ համար անընդունելի է պարզապես մի քանի ընկերությունների անվանումներ նշել, այսինքն՝ օրենքի մակարդակով ֆիքսել ընկերությունների անուններ, որոնցից պետք է մասհանումներ կատարվեն: Մենք փորձում ենք այս նախագծով արդեն իսկ կարգավիճակ ֆիքսել: Այսինքն, եթե կան մի քանի մետաղական հանքարդյունաբերող ընկերություններ, ապա մենք այդ անվանումները հանում ենք օրենքի տեքստից և դնում ենք կարգավիճակ, այսինքն՝ մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների բոլոր բնապահպանական հարկերից մասհանումները պետք է հատկացվեն: Բացի այդ, մենք առաջարկում ենք, որ կառավարությունը սահմանի այն չափորոշիչները, որոնց հիման վրա արդեն համապատասխան լիազոր մարմինը կսահմանի ընկերությունների ցանկը, և մենք կունենանք ավելի ընդլայնված ընկերությունների ցանկ և ավելի ընդլայնված ազդակիր համայնքներ՝ որպես այս գումարների շահառուներ: Հաջորդ փոփոխությունը, որն առաջարկում ենք իրականացնել՝ մասհանումների փաստացի իրականացման փոխանցման հետ կապված խնդրի լուծմանն է ուղղված, քանի որ 2018 թվականի Հարկային օրենսգրքի փոփոխությունից հետո արդեն պարզ դարձավ, որ պարզապես տեխնիկապես հնարավոր չէ պրակտիկորեն այդ հաշվարկները կատարել և փոխանցել, քանի որ օրենքով սահմանված էր, որ մասհանումներ պետք է իրականացվեին փաստացի կատարած վճարումներից, ինչը հնարավոր չէր միասնական հաշվի դեպքում տարանջատել, և այս դեպքում մենք առաջարկում ենք, որ այդ հաշվարկները կատարվեն ոչ թե փաստացի վճարվածներից, այլև ընդհանուր հանրագումարից»: