ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց բնակարան ունենալու մի ծրագիր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց նախագիծը, նույնիսկ կարծես թե ոգեւորված էր, սկսեց հումորներ անել:
Օրինակ, երբ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն հետաքրքրվեց՝ զինծառայողներին է՞լ է վերաբերում: Նրա խոսքով՝ պետք է ճշտել, թե չէ բանակը կգրոհի:
Վարչապետը ծիծաղեց, ապա ասաց. «Մենք ուզում ենք, որ բանակը բոլորովին ուրիշ ուղղությամբ գրոհի»:
Իսկ երբ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ հուլիսի մեկից հետո ծնված երեխաներին է վերաբերում, հետադարձ ուժ չի ունենալու, նիստի մասնակիցները ծիծաղեցին, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ կարգախոսն էլ մշակենք: «Բոլորս երեխա ունենալու»,- ծիծաղեց կառավարության ղեկավարը:
Իսկ երբ պետք է քվեարկեին նախագծի օգտին, վարչապետն առաջարկեց այս անգամ «ոչ թե ովքեր են դեմ նախագծին» սկզբունքով քվեարկեն, այլ ովքեր են կողմ նախագծին: Երբ պիտի քվեարկեին, նախարար Դավիթ Տոնոյանը կարծես թե զբաղված էր: «Բանակը գրոհելու հրամա՞նն եք տալիս»,- կատակեց վարչապետը: