տուն Քաղաքական Վերլուծական Բոլորը լռում են կարևորի մասին

Բոլորը լռում են կարևորի մասին

500
0

uxex

Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարության արձագանքները չափազանց կարճ կյանք ունեցան: Չնայած մի շարք ընդդիմադիր ուժեր հանդես եկան դատապարտող հայտարարություններով, այնուամենայնիվ տպավորությունն այնպիսին է, որ հայ քաղաքական դաշտի բոլոր խաղացողները մեծ հաշվով դեմ չեն Մաքսային միությանն անդամակցելուն: Քաղաքացիական ակտիվի գործունեությունը սահմանափակվեց մի քանի բողոքի ակցիաներով: Բնականաբար, դրանից առավել քաղաքացիական ակտիվը այլ բան անել չէր էլ կարող, մանավանդ որ որևէ քաղաքական ուժի կողմից ակտիվիստները օժանդակություն չստացան:

Սեպտեմբերի 20-ին Ժառանգությունն անցկացրեց հանրահավաք, որին մասնակցում էր նաև Հայրիկյանը: Հանրահավաքի ժամանակ քննադատվեց ՄՄ մտնելու Սերժ Սարգսյանի որոշումը: Սակայն հանրահավաքի մասնակիցները սակավաթիվ էին, բացի այդ, այն դեռևս մնում է միակ հանրահավաքը՝ նվիրված այդ խնդրին: Փաստորեն ստացվում է , որ արձակուրդային շրջանում, ընդդիմադիր քաղաքական ուժերի բոլոր հավաստիացումները թեժ քաղաքական աշնան մասին, ոչ մի կերպ չեն իրականանում, չնայած որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

Ներկայումս արդեն, զուտ հայտարարությունների մակարդակով քաղաքական բողոքի ալիքից հետո, իշխանությունները ձեռնամուխ եղան հանրային կարծիքը դեպ Ռուսաստան և Մաքսային միություն տրամադրելուն: Վերջին օրերի անցուդարձից հետո, երբ այդպես էլ պարզ չդարձավ վերջիվերջո կա արդյոք միջպետական պայմանագիր գազի վերաբերյալ , թե ոչ, իշխանությունները շրջանառության մեջ դրեցին գազն առավել նվազ գնով գնելու մասին լուրերը: Սակայն հենց դրանով արդեն խոստովանեցին, որ գազի գնի բարձրացումը քաղաքական ճնշում էր Ռուսաստանի կողմից և դրա անհրաժեշտությունը վերացավ, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միություն մտնելու մասին: Սա նաև կարող ենք համարել քարոզչական օպերացիա, որը միտված է հայաստանյան հանրությանը Մաքսային միություն մտնելու «առավելությունները» ցույց տալու համար: Հերթական անգամ մենք ականտես ենք լինում, երբ փորձ է արվում «մի կտոր հաց» տալով լռեցնել Մաքսային միության դեմ բողոքի ձայները և այդ բողոքը ներկայացնել, որպես Հայաստանի քաղաքացու բարեկեցության դեմ ուղղված քայլ:

Մոտավորապես նույն այս սցենարով Սամվել Ալեքսանյանի «աջակիցները» քաղաքացիական ակցիաները փորձում են որակել որպես «700 նոր աշխատատեղերի բացման» դեմ քայլեր: Սա իհարկե բավական պարզունակ մեխանիզմով է արվում, սակայն քաղաքական ընդդիմության կողմից ադեկվատ հակազդեցության բացակայության պարագայում, իշխանական քարոզչամեքենան լիովին ազատ է իր գործողությունների մեջ: Բավական հետաքրքիր է համեմատականները Մաքսային միության և «Փակ շուկայի» շուրջ ընթացող գործընթացների միջև: Մաքսային միության անդամակցությունը ընդունվում է որպես կայացած փաստ և կարծես թե այլևս «հետաքրքիր չէ հայաստանյան լրատվական դաշտին», իսկ «Փակ Շուկայի»` Սիթի դառնալու դեմ շարունակական բողոքներն ու այդ բողոքների մեկնաբանումը ներկայացվում է կարևորագույն իրադարձություն, չնայած այն բանին, որ չափազանց միամիտ պետք է լինել հավատալու համար որ այդ ակցիաները որևէ արդյունք կտան, համենայնդեպս առկա համակարգի պայմաններում: Սրանից ընդամենը կարող ենք ենթադրել, որ հերթական անգամ փորձ է արվում շեղել հասարակական ուշադրությունը:

Աղասի Մարգարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here