Երեկ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ազատվեց պաշտոնից։ Բոլթոնը ԱՄՆ վարչակազմի միակ բարձրաստիճան պաշտոնյան էր, որ թավշյա հեղափոխությունից հետո այցելել էր Հայաստան։ Տարբեր շրջանակներում նշվում է, որ Բոլթոնի ազատումը ԱՄՆ-Իրան հարաբերությունների վատթարացման ֆոնին է եղել։
Araratnews.am-ը քաղաքագետ Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե Բոլթոնի ազատումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։
«Բոլթոնի ազատումը հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, գոնե ուղղակի առումով, ազդեցություն չի կարող ունենալ։ Նրա հեռացումն այս պաշտոնից նշանակում է ամերիկյան դիրքորոշման փոփոխություն կամ մեղմացում Ռուսաստանի և Իրանի նկատմամբ սանկցիոն քաղաքականության մեջ։ Այս առումով, իհարկե, սա երկրորդական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա, որովհետև գիտենք, որ Հայաստանը բավականին շատ է տուժել հակիրանական և հակառուսական սանկցիաներից։ Անգամ հայկական մի քանի կազմակերպություններ են հայտնվել ամերիկյան պատժացուցակում այն պատճառով, որ գործակցել են իրանական կամ ռուսական որոշ կազմակերպությունների հետ»,- նշեց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ Բոլթոնի ազատումը միայն երկրորդային ազդեցություն կարող է ունենալ մեր հարաբերությունների վրա, բայց մեծ հաշվով դա կլինի ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական։
Հարցին՝ շրջանառվող թեկնածուներից ո՛վ է ավելի հայամետ, կամ ո՛ւմ նշանակումը կարող է որևէ ազդեցություն ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, Սարգսյանը նշեց, որ ոչ մեկի՝ շեշտելով, որ ամեն ինչ պարզ կդառնա նշանակումից հետո։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում սպասվող այցին ԱՄՆ, այս հրաժարականի ֆոնին ի՞նչ սպասել երկկողմ հարաբերություններից։
«Փաշինյանի այցը երկկողմ օրակարգ չունի մեծ հաշվով, որովհետև նա մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին։ Դրանից առաջ այցելելու է Սիլիկոնյան հովիտ՝ IT ոլորտի բիզնես ներկայացուցիչների հետ հանդիպման, Լոս Անջելեսում հայկական համայնքի հետ է հանդիպելու, օրակարգում են լինելու ներհամայնքային խնդիրները, հանդիպում կունենա Լոս Անջելեսի քաղաքապետի, Կալիֆորնիայի նահանգապետի հետ, բայց երկկողմ հանդիպումներ այս պահի դրությամբ հայտնի չեն»,- եզրափակեց Սարգսյանը։