տուն Տնտեսական Բնակարանների առաջարկի գները 4%-ով նվազել են. ՀՀ բանկերի միություն

Բնակարանների առաջարկի գները 4%-ով նվազել են. ՀՀ բանկերի միություն

122
0

անշարժ-գույք

Հայաստանի բանկերի միությունը գնահատող գործակալություններից մեկի հետ ուսումնասիրություն է իրականացրել Երևանի անշարժ գույքի շուկայում, որի արդյունքները տարբերվում են պաշտոնական վիճակագրության տվյալներից:

Այսպես, ըստ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, անցած տարի անշարժ գույքի շուկայում գործարքների գրանցումից ստացված տվյալները ցույց են տալիս, որ Երևանի բոլոր համայնքներում միջինում 5.5% գների աճ է դիտարկվել: Ընդ որում` առավել բարձր աճ արձանագրվել է Նոր Նորք և Աջափնյակ համայնքներում, որտեղ բնակարանների գները համեմատաբար ցածր են: Բնակարանների գները 4.3%-ով անցած տարի բարձրացել են նաև ՀՀ մարզերի քաղաքներում ու շարունակում են անհամեմատ բարձր մնալ Ծաղկաձորում, Վաղարշապատում և Աբովյանում:

Մինչդեռ Բանկերի միության վերլուծության համաձայն՝ Երևանում 2013-ին ընդհանուր առմամբ մոտ 4 տոկոսով բնակարանների գների առաջարկների նվազում է նկատվել: Ընդ որում նվազել են առանց բացառության բոլոր համայնքների բնակարանների առաջարկների գները: Վերլուծությունը ընդգրկել է 2013-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին թվով 22 հազար, 331 հատ առաջարկներ: Այսինքն՝ այս դեպքում ուսումնասիրվել են ոչ թե արդեն փաստացի կատարված գործարքների գները, այլ՝ առաջարկի գները, ընդ որում՝ միայն երկրորդային շուկայում և միայն ոչ էլիտար բնակարանների համար: Պաշտոնական վիճակագրությունից տարբերությունը, թերևս, հենց դրանով էլ կարելի է բացատրել, թեև այս վերլուծությունում Երևանի որոշ համայնքների բնակարանների միջին գներն ավելի բարձր են, քան պաշտոնական վիճակագրության արտացոլած գրանցված վաճառքի գները: Այս տարբերությունն էլ, թերևս կարելի է դարձյալ բացատրել նրանով, որ խոսքը առաջարկի գների, ոչ թե գործարքի գների մասին է: