տուն Հասարակություն Կրթություն Բնագիտական առարկաների հեռավար դասերն արդյունավե՞տ են անցնում. մեկնաբանում են ուսուցիչները

Բնագիտական առարկաների հեռավար դասերն արդյունավե՞տ են անցնում. մեկնաբանում են ուսուցիչները

562
0

ՀՀ-ում, արտակարգ դրության պայմաններում, բուհերն ու դպրոցները հեռավար ուսուցման են անցել:

AraratNews.am-ը կապ է հաստատել հանրապետության մի քանի դպրոցների բնագիտական առարկաների ուսուցիչների հետ՝ պարզելու նպատակով, թե արդյոք արդյունավետ են անցնում այդ առարկաների հեռավար դասերը:

Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Լարիսա Պետրոսյանը AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իհարկե կան տարբերություններ հեռավար ուսուցման ու ամենօրյա ստանդարտ դասերի միջև:

Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոց

«Հետաքրքիր մի բան ասեմ. հեռավար ուսուցումը շատ հետաքրքիր առավելություններ ունի: Օրինակ՝ մեր ամենօրյա դասին բացի բանավոր խոսքից ու որոշ նյութերից, սովորաբար, ուրիշ բան չի լինում անել: Դպրոցը չունի ամեն դասասենյակում իր համակարգիչը, ինտերնետային հնարավորությունները: Իսկ հիմա ես շատ հետաքրքիր նյութեր եմ ուղարկում՝ այնքան հետաքրքիր, որ ես ինքս էլ շատ հաճույքով լսում եմ ու ինչ-որ բաներ նույնիսկ սովորում եմ: Թվում է, թե հարցման հետ կապված խնդիրներ են առաջանում, բայց երբ որ դասին երեխային հարցնում ենք ինչ-որ մի բան պատմել կամ ներկայացնել, եթե այդ վայրկյանին նա չի կարողանում պատասխանել, ապա կարող է դա անել 40 րեպեի ընթացքում կամ նույնիսկ երկու-երեք ժամում. այդ ընթացքում ուրիշներին լսելով կսովորի»,- ասաց Լարիսա Պետրոսյանը:

Լարիսա Պետրոսյանը նկատեց, որ սովորող երեխայի համար հեռավար ուսուցումն ինչ-որ տեղ ավելի արդյունավետ է.

«Մենք տառացի չենք տալիս ու տառացի էլ պահանջում: Գրքում այլ ինֆորմացիա է, տեսանյութում՝ այլ, ես այլ ձևով եմ բացատրում ու այդ երեքն ամփոփած՝ աշակերտից հարցնում եմ: Սովորող երեխաներն իդեալական գիտելիք են ստանում»:

Լարիսա Պետրոսյանը հավելեց, որ, այնուամենայնիվ, կան երեխաներ, ովքեր տեխնիկական միջոցներ չունենալու պատճառով չեն կարողանում մասնակցել հեռավար դասերին, բայց հետո նրանք հարևանից կամ բարեկամից համապատասխան տեխնիկան վերցնելով լսում են դասի ձայնագրությունը:

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Լարետա Գևորգյանը նշեց, որ բնագիտական հոսքերի է դասավանդում, և այդ հոսքերի աշակերտները հիմնականում ավելի մոտիվացված են լինում և առարկան, սովորաբար, սիրում են:

Արմավիր քաղաքի թիվ 4 ավագ դպրոց

«Կարող եմ ասել, որ հեռավար դասերին մասնակցում է դասարանի մոտ 90-95 տոկոսը: Հեռավար ուսուցման գործընթացն ունի իր դրական ու բացասական կողմերը: Երեխաներն անհատական ուղարկում են ինձ տնային աշխատանքները, և ես ոնց որ թե տնային աշխատանքներն ավելի լավ եմ ստուգում, քան դասարանում: Որովհետև ես դասարանում այդքան ժամանակ չունեմ, չէ՞. յուրաքանչյուրի աշխատանքը մանրակրկիտ նայեմ: Շատերը տնային աշխատանքից հարցեր են ունենում, բայց չեն բարձրաձայնում: Իսկ հեռավար հարթակում ես յուրաքանչյուր աշակերտի հետ իր աշխատանքը քննարկում եմ»,- ընդգծեց Լարետա Գևորգյանը:

Ըստ քիմիայի ուսուցչուհու՝ այստեղ մի նրբություն կա. կարևոր է, որ աշակերտներն իրենք անձամբ տնային աշխատանքը գրեն, այլ ոչ թե միմյանց հետ խորհրդակցեն ու նոր ուսուցչին ուղարկեն:

Լարետա Գևորգյանը հավելեց, որ հեռավար ուսուցման գործընթացում ուսուցիչների ծանրաբեռնվածությունն ավելի շատ է:

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մ. Սիլիկյանի անվան  թիվ 6 հիմնական դպրոցի քիմիայի ուսուցչուհի Լիդա Մուրադյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ կենդանի դասին ոչ մի բան չի կարող փոխարինել:

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մ. Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց

«Գրեթե բոլորը մասնակցում են հեռավար դասերին: Պահ է գալիս, որ էներգիայի խափանում է տեղի ունենում. այդ պատճառով միայն չեն մասնակցում: Նույնիսկ ցածր առաջադիմություն ցուցաբերող աշակերտներն ակտիվորեն մասնակցում են հեռավար դասերին. պարտաճանաչ կատարում են տնային առաջադրանքները: Այստեղ, իհարկե, նկատելի է նաև ծնողների աջակցությունը՝ հեռավար դասապրոցեսում»,- ասաց Լիդա Մուրադյանը:

Լիդա Մուրադյանը նույնպես այն կարծիքին է, որ հեռավար ուսուցման գործընթացն ավելի մեծ ծանրաբեռնվածություն է ենթադրում ուսուցչի համար:

Օլյա Շահինյան