Բյուրեղավանի համայնքապետարանը իր լիազորությունների շրջանակներում սկսել է իրականացնել թափառող շների ստերջացման գործընթացի 2-րդ փուլը։ Համայնքապետարանը համագործակցելով համապատասխան ընկերության հետ՝ կնքել է պայմանագիր, ինչի արդյունքում շարունակաբար ստերջացնելու են Բյուրեղավան համայնքի տարածքում գտնվող թափառող շներին։
Նշվում է, որ արդեն ստերջացման են տեղափոխել թափառող շների առաջին խմբաքանակը: Այս մասին տեղեկանում է Բյուրեղավանի համայնքապետարանի լրատվական ծառայությունը:
Կոտայքի մարզպետարանը հիշեցնում է, որ համայնքներում շների գլխաքանակի ավելացմամբ պայմանավորված՝ Կոտայքի մարզպետը դիմել էր մարզի համայնքների ղեկավարներին՝ առաջարկելով թափառող շների ստերջացման գործընթաց ձեռնարկելու նպատակով կազմակերպել մրցույթներ:
Նշվում է նաև, որ վերջին շրջանում տարբեր համայնքներից մեր համաքաղաքացիները հաճախ են դիմում մարզպետարան՝ կապված թափառող շների գլխաքանակի ավելացման հետ, որոնք երբեմն բնակիչների և հատկապես երեխաների շրջանում վախի և անհանգստության պատճառ են դառնում: