Բիլ Գեյթսի և նրա կնոջ ստեղծած հիմնադրամը շարունակում է գումարներ հատկացնել աշխարհում սանիտարական իրավիճակը բարելավելուն, հատկապես այն երկրներում, որտեղ խնդիրներ կան խմելու ջրի հետ։ Հիմնական շեշտը դրվում է նորարարական տեխնոլոգիաների վրա։
Այս անգամ Microsoft ընկերության հիմնադրին հետաքրքրել է բրիտանական Բրիսթոլի համալսարանի գիտնականների նոր տեխնոլոգիան, որով նրանք կարողանում են հեռախոսների մարտկոցները լիցքավորել մեզի միջոցով։ Գիտնականները պարզել են, որ մեզն անցնելով հատուկ աղերի միջով արտադրում է էլեկտրաէներգիաների փոքրիկ մասնաբաժիններ։ Գիտնականներին հաջողվել է այդ էներգիան հավաքել մեկ մարտկոցի մեջ։ Նրանք նշում են, որ թեպետ նման կերպ լիցքավորված հեռախոսը կարելի է օգտագործել ընդամենը մի քանի րոպե համացանցից օգտվելու կամ մի քանի կարճ հաղորդագրություն ուղարկելու համար, այդուհանդերձ նրանք այս տեխնոլոգիան շատ կարևոր են համարում ապագայում նման միջոցով ավելի շատ էներգիա ստանալու համար։