Ֆրանսիայում կորոնավիրուսի բռնկման հետեւանքով ծագած աժիոտաժի պատճառով բժշկական դիմակները հանել են վաճառքից։ Դրանք հասանելի կլինեն միայն դեղատոմսերով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Դիմակներ հիմա գնել չի կարելի, քանի որ մենք դեղատներին հանձնարարել ենք, որպեսզի նրանք դիմակներ տրամադրեն միայն բժշկական անձնակազմի աշխատակիցներին կամ դեղատոմսով»,- ասել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Սիբմետ Նդիյայը։
Երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ երկրում դիմակների ամբողջ պաշարը խնայողաբար է օգտագործվելու, դրանք բաժանվելու են միայն բուժաշխատողներին եւ այն քաղաքացիներին, որոնք առնչվել են հիվանդությանը։ Վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում հիվանդների թիվը 212 է, որոնցից 4-ը մահացել են։