Պարոդոնտիտը բորբոքային հիվանդություն է, որն ախտահարում է ատամին շրջապատող հյուսվածքը (պարոդոնտը): Տվյալ հիվանդությունը այս կամ այն չափով հանդիպում է մադկանց մեծ մասի մոտ: Սա լնդերի բորբոքային խիստ վտանգավոր ու զարգացող հիվանդություն է , որը քայքայում է ատամները պահող հյուսվածքը: Ոչ ժամանակին բուժման դեպքում ատամների կորստի ռիսկը բազմապատկվում է, այդ պատճառով է, որ ատամնաբույժները չեն դադարում հիշեցնել, որ բժշկին դիմել պետք է ժամանակին, անհապաղ, առանց ձգձգելու:
Հիվանդության նախնական շրջանում լնդերը թեթևակի արյունահոսում են ու մի քիչ այտուցվում, ծամելու ժամանակ անհարմարության զգացում է լինում, ինչը սակայն բոլորին չէ, որ անհանգստացնում է: Իսկ հիվանդության սրացման ժամանակ արտահայտված ախտանշաններին այլևս անհնար է ուշադրություն չդարձնել, քանի որ լնդերը բորբոքվում են, ատամների վզիկները` մերկանում ու թարախահոսություն է սկսվում լնդային գրպանիկներից, ատամների շարժ է նկատվում, բերանից վատ հոտ է գալիս, ու մեծանում են տեղային ավշահանգույցները:
Հիվանդության առաջացումը կարող է ինչպես ընդհանուր վիճակով պայմանավորված լինել, այնպես էլ` տեղային պատճառ ունենալ. առաջինի դեպքում պարոդոնտիտը զարգանում է թուլացած իմունիտետի, դիաբետի, արյան ու տարբեր քրոնիկ հիվանդությունների ժամանակ, իսկ տեղային պատճառներ են համարվում ինֆեկցիաներն ու վնասվածքները: Մանրէներն ախտահարում են լնդերն ու լորձաթաղանթը, ապա թափանցում հյուսվածքի ավելի խոր շերտեր, քայքայում ատամների հենման ապարատը: Վնասվածքային պարոդոնտիտն առաջանում է միկրովնասվածքների հետևանքով (միաժամանակ կամ էլ մշտական ), ու դրա կանխարգելման համար հարկավոր է խուսափել լնդերի վրա ցանկացած ազդեցությունից: Ստոմատոլոգը գնահատում է ոչ միայն բերանի խոռոչի վիճակը, այլև որոշում պարոդոնտի առաջացման պատճառները. չափում է լնդակոսի խորությունը, ինչը թույլ է տալիս որոշելու, թե հիվանդությունը զարգացման որ փուլում է գտնվում: Օրինակ, եթե պարոդոնտալ գրպանիկի խորությունը 3,5 մմ է ու արտահայտված սրացման նշաններ չկան, ապա հիվանդի մոտ ախտորոշվում է թեթև աստիճանի պարոդոնտիտ:
Հիվանդության բուժումը կատարվում է թերապևտիկ կամ էլ վիրաբուժական եղանակով: Առաջինի դեպքում անպայման հեռացվում է ատամնաքարն ու նշանակվում հակաբորբոքային դեղամիջոցներ: Վիրաբուժականի դեպքում լնդագրպանիկները ենթարկվում են բաց կամ փակ կյուրետաժի: Բաց կյուրետաժը հնարավորություն է տալիս թափանցելու պարոդոնտի ավելի խոր շերտեր` լինդը շերտազատելու եղանակով ու հետագայում պրոցեդուրայի վերջում կար դնելով: Եթե պարոդոնտալ գրպանիկների խորությունը գերազանցում է 6 մմ-ը, ապա արդյունավետ բուժման համար կատարվում է լաթային վիրահատություն, որի ընթացքում գրպանիկները մաքրում են, հանվում է լնդի վերին շերտը, որը վերջում կրկին կարվում է:
Պարոդոնտիտի կանխարգելման հիմնական մեթոդներից են ատամների կանոնավոր մաքրումը, կոշտ սննդի կիրառումը` ծամողական ողջ ապարատի վրա ծանրաբեռնվածություն ապահովելու համար, ինչպես նաև`հիվանդության ցանկացած ախտանշանի դեպքում ստոմատոլոգին ժամանակին դիմելը: Պարոդոնտիտի կանխարգելումն անհրաժեշտ է քրոնիկ հիվանդության սրացումից խուսափելու նպատակով: Այդ դեպքում նույնպես պարոդոնտիտի կանխման հիմնական մեթոդը բերանի խոռոչի հիգիենան է , ներառյալ ատամների կանոնավոր մաքրումն է ինչպես հարկն է:
Խորհուրդ է տրվում պահպանել բերանի խոռոչի հիգիենան, կոշտ ու բուսական սնունդ ներառել օրվա սննդաբաժնում: Ատամնաքարերի ժամանակին հեռացման և ընդհանրապես, բերանի խոռոչի առողջության պահպանման նպատակով կանոնավոր ստոմատոլոգի մոտ հաճախել է հարկավոր:
Բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ա. Վարդանյան