Սա ամենատարածված հիվանդություններից մեկն է, որի հարուցիչը հասարակ հերպեսն է: Աշխարհի բնակչության 90%-ը վարակված է տվյալ վիրուսով: Եվրոպայում կատարված հետազոտությունների համաձայն, արդեն 18 տարեկանում քաղաքաբնակների 90%-ը վարակված է լինում հերպեսի մեկ կամ մի քանի (առնվազն 7 տեսակի) շտամներով , իսկ 20-35 տարեկան կանայք սեռական օրգանների հերպեսով հիվանդների ռիսկային խմբում են: Եվրոպայում սեռական ուղիներով փոխանցվող հիվանդությունների շարքում տրիխոմոնազից հետո հերպեսը երկրորդ տեղում է, իսկ ԱՄՆ-ում ամեն տարի հիվանդանում է շուրջ 20 000 մարդ:
Ինչպես է փոխանցվում վարակը
Հերպեսի վարակը փոխանցվում է շփման միջոցով, ինչպիսիք են.
-ուղիղ շփում (այդ թվում` սեռական ճանապարհով)
-օդակաթիլային եղանակով
-կենցաղային ու հիգիենայի պարագաներից (ընդհանուր օգտագործման սրբիչ,թաշկինակ ևն)
-մորից երեխային` ծննդաբերության ժամանակ (մոր ծննդուղիներից):
Հերպեսի ախտանշաններից են, ժողովրդի լեզվով ասած`“շուրթերին մրսածության հետքը” կամ բշտերը, որոնք առաջանում են հասարակ հերպեսի I տեսակի վարակից (ՀՀՎ):
Մարդն իր կյանքում առաջին անգամ հերպեսի վարակի հետ “հանդիպում “ է վաղ մանկության տարիքում, համբույրից, սպասքից ու, ինչպես արդեն նշվեց` օդակաթիլային ճանապարհով` հիվանդի փռշտոցից:
Ամենահաճախ հանդիպող տեսակը դեմքիվրա, այլ կերպ` “մրսածության հերպեսն” է: Ընդ որում երեխայի մոտ առաջին վարակի դեպքում ախտահարվում են ոչ միայն շուրթերը, այլև` քիթ-բերանային եռանկյունն ու քթի լորձաթաղանթը: Երբեմն հերպեսային ստոմատիտ է առաջանում (բերանաբորբ) ու հերպեսային անգինա(կոկորդաբորբ): Այնուհետ վարակը տարածվում է նյարդերով ու “բնակություն” հաստատում նյարդահանգույցներում: Հերպեսը, շատ տարածված հիվանդություն է և տարբեր դրսևորումներ ունի: Հիվանդների 80%-ի մոտ այն “քնած» վիճակում է ու ոչ մի կերպ զգացնել չի տալիս: Սակայն, երբ թուլանում է օրգանիզմի պաշտպանական համակարգը` իմունիտետը, այն անցնում է «գրոհի»:
Բուժումը
Այսօր հերպեսը վերջնականապես բուժող, վերացնող դեղամիջոց դեռևս չկա: Սակայն, գոյություն ունի հակավիրուսային դեղորայք, որն ակտիվ ճնշում է ՀՀՎ- I-ի բազմացումը:
Քթի լորձաթաղանթի կամ շուրթերի վրա առաջացած հերպեսային ցանը կարելի է բուժել տեղային հակամանրէ քսուքներով , իսկ ավելի բարդ դեպքերում բժիշկը կարող է հաբեր նշանակել:
Իսկ ամենակարևորը, որ առաջարկվում է հիվանդության կանխարգելման նպատակով, ինչպես և բոլոր հիվանդությունների դեպքում, իմունիտետի կոփումն է:
Պետք է հիշել, որ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու դեպքում, կամ ախտանշանները ճիշտ «մեկնաբանելու» պարագայում, բուժումը շատ ավելի արդյունավետ է լինում: