Հաճախ են այն անվանում ծերունական տկարամտություն, սակայն, Ալցհեյմերի հիվանդության դեպքում, ուղեղի բջիջների(նեյրոնների)որոշակի համակարգեր են թուլանում կամ էլ մահանում, ինչն էլ հանգեցնում է ծերունական տկարամտության կամ դեմենցիայի:
Այսինքն` Ալցհեյմերի հիվանդությունն ամենատարածված պատճառն է ծերունական տկարամտության, որը սովորաբար զարգանում է տարեց կամ ծեր մարդկանց մոտ: Առաջին ախտանշանները կարող են ի հայտ գալ դեռևս 40 տարեկանում:
Ի դեպ, Ալցհեյմերի հիվանդությունը հաճախ հանդիպում է նվազ ուսյալ ու մասնագիտական որակավորում չունեցող մարդկանց մոտ: Բարձր ինտելեկտով մարդիկ ավելի քիչ են բախվում այս հիվանդության դրսևորումներին, քանի որ ուսյալ մարդու մոտ նյարդային բջիջների կապերը շատ են, ինչը նշանակում է, որ մեռած բջիջների գործառույթները կշարունակեն կատարել դրանում ներգրավված մյուս բջիջները: Թվում է, թե Ալցհեյմերի հիվանդության զոհ են դառնում հիմնականում կանայք, սակայն, գուցե դրա պատճառը կանանց կյանքի տևողությունն է: Վիճակագրությունը վկայում է, որ կանայք տղամարդկանց համեմատ երկարակյաց են:
Դեռևս մինչև վերջ պարզված չէ, թե ինչն է նման փոփոխությունների հանգեցնում, սակայն վերջին տարիներին գիտնականներին հաջողվել է հատուկ գեներ առանձնացնել, որոնք պատասխանատու են Ալցհեյմերի հիվանդության նախատրամադրվածության համար:
Հիվանդությունը սկսվում է հիշողության աճող կորստով: Վաղ փուլում այն գրեթե աննկատ է ընթանում, քանի որ մարդը զգալով, որ ինչ որ բան այն չէ, աշխատում է թաքցնել բացթողումները: Հիշողության աճող խանգարումների հետ առաջանում է ցրվածություն, տարակուսանք: Մարդն աստիճանաբար կորցնում է ժամանակի ու տարածության մեջ կողմնորոշվելու հատկությունը, հիշողությունից ասես դուրս են թռնում տարիներով կուտակած գիտելիքները, փորձն ու հմտությունները, ընդ որում, սկզբում մոռացվում են վերջին իրադարձությունները, իսկ հետո` նաև հեռավոր, կյանքի ավելի վաղ տարիքում կատարվածները: Խախտվում են գույնի, դեմքի ձևի, կողմոնորոշման ունակությունները: Դա կարող է ասենք, հանգեցնել ձեռագրի անհամաչափության.տառերը կուտակվում են կենտրոնում կամ էլ էջերի անկյուններում ու ուղղահայաց: Խոսքն ավելի անհասկանալի է դառնում:
Երբ հիվանդությունը սկսում է զարգանալ, պետք է ցանկացած հնարավորություն գործի դնել. նվազեցնել շրջապատից մեկուսացումը, փորձել կանխարգելել դեպրեսիայի զարգացումը: Օրինակ, կարող են օգնել նոր, ավելի հարմար ակնոցներն ու լսողական ապարատը, հասարակ ռադիոընդունիչը, նկարներով ու խոշոր տառերով գրքերը:
Ալցհեյմերի հիվանդությունը խորացնող գործոններ են
-հիվանդին անծանոթ վայրը
-երկարատև մենակ մնալը
-մեծ թվով անծանոթ մարդկանց հետ հանդիպումները
-մթությունը (անհրաժեշտ է համապատասխան լուսավորում ապահովել նաև գիշերը)
-ինֆեկցիոն հիվանդությունը
-շոգը
-մեծ քանակությամբ դեղորայքը:
Բուժումը
Եթե ձեր տարեց բարեկամի մոտ թվարկված ախտանշանները կան, ապա շտապեք նրան տանել նյարդաբանի մոտ:
Հատուկ սարքավորումներ ու նաև բուժող դեղամիջոցներ չկան, սակայն կան դեղեր, որոնց միջոցով հնարավոր է թեթևացնել հիվանդության արտահայտություններն ու զարգացումը հետաձգել: