տուն Հասարակություն Բժիշկ Բժշկական անկյուն. Էկզեմա. առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

Բժշկական անկյուն. Էկզեմա. առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

1769
0

85

Էկզեման մաշկի քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը ախտադարձային բնույթ ունի: Այս հիվանդության ժամանակ բորբոքային պրոցեսը մաշկի վերին շերտերում է կատարվում: Հիվանդությանը բնորոշ է տարածումը մաշկի բոլոր հատվածներում (բացառությամբ լորձաթաղանթների): Այն ախտահարում է բոլոր մարդկանց` անկախ սեռի ու տարիքի:

Էկզեմայի առաջացման պատճառները

Ապացուցված է, որ էկզեմայի առաջացման պատճառները շատ բազմազան են  և  այն  բարդ  բազմաստիճան զարգացում ունի: Հիվանդությունը զարգանում է մի քանի գործոնների ` նյութափոխանակության, արտաքին ազդակների, նյարդաալերգիկ ու ներզատիչ բաղադրիչների փոխազդեցությամբ:

Արտաքին գործոններից են բակտերիաները, քիմիական նութերը, սննդամթերքը: Կարևոր դեր է կատարում օրգանիզմի տարբեր գրգռիչների նկատմամբ ալեգիկ  ռեակցիան:

Պարզվել է անմիջական կապն էկզեմայի առաջացման ու իմունային համակարգի թուլացման ու խանգարման  միջև: Դրա հետ կապված, շեղումներ են առաջանում նաև կենտրոնական նյարդային համակարգում: Ինչը կրկին հաստատում է ասվածը.էկզեման զարգացման բավական բարդ մեխանիզմով հիվանդություն է, որը կարող է  փոխանցվել ժառանգաբար. եթե, օրինակ,  ծնողներից մեկը տառապում է էկզեմայով, ապա երեխայի` հիվանդությունը ժառանգելու հավանականությունը 40%-է կազմում, իսկ 2 ծնողների հիվանդության դեպքում` 60%:

Այսօր արդեն  հստակ տվյալներ կան, որ այս հիվանդության նկատմամբ նախատրամադրվածությունն առավել արտահայտված է սլավոնական ռասայի ներկայացուցիչների մոտ:

Էկզեմայի ախտանշանները

Այս  հիվանդությունը 3  ձևով է ընթանում,սուր, ենթասուր ու  քրոնիկ: Տարբերում են  էկզեմայի հիմնական 6 տեսակ. մանրէաբանական, իսկական, մանկական, մասնագիտական, թեփոտ ու դիսհիդրոտիկ :

Իսկականը բնորոշվում է  մաշկի վրա բշտերի առաջացումով, որոնք արագ պատռվում են, իսկ դրանց տեղում կետային էրոզիա է գոյանում: Հաճախ էկզեմայի օջախների առաջացումն ուղեկցվում է ուժեղ քորով:

Դիսհիդրոտիկ էկզեմա, որն ուղեկցվում է ոտնաթաթերին ու ձեռքի ափերում ցանի առաջացումով: Օջախները հստակ գծագրություն ունեն, որոնց կենտրոնում  թեփուկներ են գոյանում  կամ` միկրովեզիկուլներ:

Մանրէաբանական էկզեմայի  դեպքում ցաները  փափուկ կեղև ունեն, որոնց հեռացումից հետո թաց մակերես է գոյանում, ու տեսանելի են դառնում  կարմիր գույնի մանր  վերքերը:

Թեփոտ էկզեմա. այս  դեպքում կարևոր դեր են խաղում ստաֆիլակոկերն ու Candida սնկերը: Այս տեսակն ի հայտ է գալիս արդեն գոյություն ունեցող նյարդաներզատիչ խանգարումների ֆոնին: Այն տեղակայվում է գլխի մազածածկ հատվածում, վերջույթների ծալքերում, գլխի ճակատային հատվածում ու կրծքի վերին մասում:

Մանկական էկզեմա.հիվանդությունը հաճախ հանդիպում է 3-5 տարեկան երեխաների մոտ, ովքեր  կրծքահասակ տարիքում կերակրվել են ոչ մայրական կաթով(ինչպես ընդունված է ասել` արհեստական կերով): Այս հիվանդությանը բնորոշ է մաշկային ցանի հավասարաչափ տեղակայումը, ցանի եզրերի հստակ գծագրությունը, ախտահարման օջախներում այտուցվածությունը,   բշտերի գորշ  գույնի կեղևակալումն ու թեփոտումը:Հիվանդությունը սկսվում է ճակատային հատվածից ու այտերից, իսկ ժամանակի ընթացքում տարածվում է նաև գլխի մազածածկ հատվածում, պարանոցին, ականջներին, հետույքին ու մարմնի վրա: Հիվանդն անհանգիստ է քորի պատճառով:

Մասնագիտական էկզեմա, այս հիվանդությունը զարգանում է  արտադրության պայմաններում ալերգենների հետ անմիջական շփման հետևանքով: Սկզբում ախտահարվում են մաշկի չծածկված հատվածները,ափերը, ուսերը, պարանոցը, դեմքը, երբեմն` ծնկներն ու ոտնաթաթերը: Հիվանդի մոտ նկատվում է հիպերեմիա (գերարյունություն), բշտեր, մարմնի այտուցվածություն ու քոր: Ընթացքը տևական է, սակայն  վիճակի բարելավումը շատ արագ է կատարվում, ալերգենի հետ շփումը դադարեցնելուց  հետո:

Բուժումը

Այս հիվանդության բուժումը  տևական է ու պահանջում է համալիր մոտեցում: Շատ է կարևորվում հիվանդության առաջացման պատճառի հստակեցումը: Հիվանդության բուժման նպատակով հակահիստամինային, գլուկոկորտիկոիդ  միջոցներ են նշանակվում,  հակաբորբոքային դեղորայք ու ֆիզիկական պրոցեդուրաներ:Էկզեմայով հիվանդները պետք է խիստ սննդակարգի հետևեն, սահմանափակեն   համեմունքները, միսը,  քաղցր, թթուն և կծու սննդամթերքն:

Նախապատվությունը խորհուրդ է տրվում տալ կաթնա- ու բուսական սննդակարգին:

Օրգանիզմի վիճակը  կարգավորվում է  կալցիումի քլորիդի, նատրիումի տիոսուլֆատի, դիազոլինի, սուպրաստինի ու տավեգիլի կիրառմամբ  համապատասխան բուժումից հետո: Ապա նշանակվում է վիտամինային թերապիա, որի նպատակն է օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնել: Ցուցված են В, А, Д, Е, К վիտամինները: Արդյունավետ հակաբորբոքային ու ոչ ստերոիդային դեղամիջոց է համարվում ինդոմետացինը:

Բացի վերը թվարկված միջոցներից, կարևորվում է նաև էկզեմայի բուժումը արտաքինից: Հիվանդներին նշանակվում են քսուքներ. պրեդնիզոլոն, ինդոմետացին, ֆլուցինար ու ֆտորոկորտ:

Էկզեմայի կանխարգելումը

Էկզեմայի դեպքում պետք է կանխարգելիչ համալիր միջոցներ ձեռնարկել հիվանդության խորացումը կանխելու նպատակով: Հիվանդները պետք է հիգիենայի հարցում խիստ լինեն, ընտրեն բացառապես բնական կտորներից կարված սպիտակեղեն ու  որոշակի սննդակարգի հետևեն:

Բժիշկ Ա. Վարդանյան