The Sun-ին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կիսվել է COVID-19-ից բուժվելու հուշերով եւ պանդեմիայից հետո թագավորության վերականգնման ծրագրերով։
Ջոնսոնի խոսքով՝ ողջ մնալու համար նրան տալիս էին «լիտրերով թթվածին»։
Վարչապետը նշել է, որ Սուրբ Թոմասի հիվանդանոցում անցկացրած շաբաթվա արդյունքում նա որոշում է կայացրել դադարեցնել մյուսների տառապանքը եւ «ոտքի կանգնեցնել Մեծ Բրիտանիան»։
«Դժվար էր հավատալ, որ ընդամենը մի քանի օրվա ընթացքում իմ վիճակն այդ աստիճան վատթարացել էր»,-հուշերով կիսվել է Ջոնսոնը։
Նրա խոսքով՝ բժիշկները կազմել էին իրենց գործողությունների պահուստային պլան, եթե «գործերը վատ ընթացք ստանան»։ Ջոնսոնն անգամ խոստովանել է, որ բժիշկները պատրաստվում էին հայտարարել նրա մահվան մասին։
«Նրանք ունեին «Ստալինի մահը» սցենարի նման պայքարի ռազմավարություն»,-հուշերով կիսվել է Բրիտանիայի վարչապետը։ Բորիս Ջոնսոնն ընդգծել է, որ իր առողջացումը հնարավոր է դարձել հիանալի խնամքի շնորհիվ։Նա նշել է, որ հաջողակ է, քանի որ բուժվել է, մինչդեռ շատերն առ այսօր տառապում են այդ հիվանդությամբ։