«Կարծում եմ՝ վերջին 2 տարիներին ոստիկանությունը, ԱԱԾ-ն շատ քիչ են ուժ կիրառել ոմանց նկատմամբ եւ պետք է էնքան ուժ կիրառեն՝ հեսա շուտով, որ ծպտունները դուրս չգա ընդհանրապես». ՀՀ վարչապետն այս մասին հայտարարեց այսօր՝ Ազգային ժողովի հատուկ նիստում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը վարչապետից կարծիք հարցրեց համացանցում տարածված այն տեսանյութի մասին, երբ իրավապահ համակարգի ներկայացուցիչը ուժ կիրառելով բերման է ենթարկում մի քաղաքացուն:
Աննա Կոստանյանին լսելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Տիկին Կոստանյան, ինչքանո՞վ է լուրջ. դուք ինձ ասում եք՝ ինտերնետում մի հատ տեսանյութ կա, սենց ա, սենց ա, սենց ա, ինչպե՞ս եք գնահատում: Ես էլ ասեմ, որ ես դա գնահատում եմ էսպես, էսպես, էսպես: Ես մի բան գիտեմ, որ մարդուն բերման ենթարկում են իրավական հիմքերի առկայության դեպքում: Եվ եթե բերման են ենթարկել՝ իմ կանխավարկածը այն է, որ ուրեմն ունեցել են համապատասխան հիմքեր»:
Կառավարության ղեկավարն ասաց, որ տպավորություն է, որ ոստիկանությունը պիտի պատերի տակով թաքուն ման գա:
«Ո՛չ, կանոնները եւ օրենքը խախտողները եւ հանցագործները պետք է պատերի տակով ման գան եւ ոստիկանությունը պետք է լինի դուխով: Եվ հերիք է ոստիկանությունը ինչ անի…ոնց որ էս երկրի թիվ մեկ թշնամին ա ոստիկանությունը: Ո՛չ, բեսպրեդելն ա էս երկրի թիվ 1 թշնամին: Եվ էդ բեսպրեդելի մթնոլորտ տարածողները պետք է մտնեն իրենց ծակերը ընդհանրապես, իսկ կոնկրետ դեպքում այդ տեսանյութը խոստանում եմ ուսումնասիրել եւ էն ոստիկանը, որը ապօրինություն թույլ կտա, էդ ոստիկանի հետ կապված մենք գործողություններ կձեռնարկենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: