Պորտուգալական առաջատար թիմերից մեկի` «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը կարող է պատասխանատվության ենթարկվել ոստիկանների հետ բախման պատճառով: Այս մասին հաղորդում է օԳլօբօ-ն:
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին Պորտուգալիայի առաջնության 5-րդ տուրի «Բենֆիկա» — «Վիտորիա» խաղից հետո, երբ մարզիչը փորձել է ոստիկանների ձեռքից խլել մարզադաշտ մտած ֆուտբոլասերին: Պորտուգալական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ժեզուշը կարող է զրկվել 3 ամսից մինչև 3 տարի ժամկետով մարզչական գործունեություն վարելուց: Բացի այդ, նրա գործը կարող է փոխանցվել դատարան, քանի որ Ժեզուշը դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը:
«Ոչինչ էլ տեղի չի ունեցել: Խաղացողները ցանկանում էին իրենց շապիկները նվիրել երկրպագուներին՝ որպես շնորհակալություն աջակցության համար: Այն բանից հետո, երբ մեր երկրպագուները մուտք գործեցին խաղադաշտ, ոստիկանությունը սկսեց բիրտ ուժով կանգնեցնել նրանց: Իսկ ես պարզապես խնդրում էի, որպեսզի նրանց ետ ուղարկեն տրիբունաներ»,- ասել է Ժեզուշը` նշելով, որ ինքը միշտ աջակցել է երկրպագուներին և հետագայում էլ անելու է դա: