«Արսենալի» հարձակվող Նիկլաս Բենդտները տուգանվելու է և, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի վարտից հետո լքելու է լոնդոնյան ակումբը։ Այս մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը։
Դանիացի ֆուտբոլիստը մարտի 12-ին հայտնվել է ոստիկանական բաժանմունքում Կոպենհագենում տաքսիստի հետ գիշերային վեճից հետո, մինչդեռ Դանիա մեկնելու իրավունք «Լորդ» Բենդտները չի ունեցել։ Ֆուտբոլիստը նաև ալկոհոլի ազդեցության տակ է եղել։
«Չգիտեմ, թե այնտեղ ինչ է տեղի ունեցել, սակայն կարող եմ ստույգ ասել, որ Բենդտներին ոչ ոք թույլ չի տվել մեկնել Կոպենհագեն։ Նա իր արարքների համար տուգանվելու է։ Դա մեծ հարված է ակումբի հեղինակությանը։
Այսօրինակ ամենաթողություններն անընդունելի են մեզ համար։ Նիկլասն ամռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Արսենալից»։ Նրա պայմանագրի ժամկետը հենց ամռանն էլ ավարտվում է», — Վենգերի խոսքերն են փոխանցում բրիտանական ԶԼՄ-ները։