Բելառուսը գալիք տարում, կարծեք, ընդլայնում է իր քաղաքական դերակատարությունը ԵԱՏՄ տարածքում: Ֆորմալ առումով, ամեն ինչ վկայում է այդ մասին:
Հայտնի է, որ 2020 թվականի փետրվարին նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում կանցնի Բելառուսին։ Միաժամանակ, երկիրը կստանա չորս տարով իր ներկայացուցչին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ նշանակելու իրավունք։ Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը նույնպես նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 2020 թվականի հունվարի 1-ից։ Բացի այդ, հանրապետությունը եկող տարի կնախագահի միութենական պետության Բարձրագույն պետական խորհրդում եւ կհամանախագահի ԱՊՀ-ում։
Անդրադառնալով Մինսկի դերակատարությանը՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հայ-բելառուսական հարաբերությունների վրա այդ ամենը էական ազդեցություն չի ունենա, քանի որ այդ բոլոր կառույցների առանցքը Ռուսաստանն է: Հարցին, թե արդյոք Երևանի և Մինսկի փոխհարաբերությունների վրա չեն ազդում նաև Բելառուսի նախագահի կողմից Կրեմլի հասցեին ժամանակ առ ժամանակ հնչեցվող քննադատությունները, Լևոն Շիրինյանն ասաց հետևյալը.
«Պետք չէ լուրջ վերաբերվել Բելառուսին: Այնտեղ ավտորիտար ռեժիմ է: Բելառուսը, որպես չունևոր պետություն, հումք չունեցող երկիր, հաճախ շանտաժի է դիմում, որպեսզի գումար կորզի այս կամ այն կերպ: Մեկ Բաքվին է սիրաշահում նավթի համար, մեկ՝ Անկարային՝ թուրք-ադրբեջանական տանդեմով պայմանավորված: Իսկ Եվրոպան չի հարգում ավտորիտար ռեժիմներին, այդ պատճառով էլ վերապահում ունի Բելառուսի հետ հարաբերությունների հարցում»,-Araratnews.am-ի հետ զրույցում ընդգծեց քաղաքագետը: Այդուհանդերձ, նրա կարծիքով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուժեղ մարդ է, կարողանում է իր հսկողության ներքո պահել երկրի օլիգարխիային:
«Բելառուսը նման է փողոցում կանգնած անառակ աղջիկներին, որոնք ցանկացած գումարի դիմաց պատրաստ են տրվել հարուստ հաճախորդին: Իսկ Ռուսաստանի հասցեին արվող քննադատություններն ընդամենը կապրիզ են, շանտաժ: Ակնհայտ է, որ Բելառուսի «պապա»-ն Ռուսաստանն է, այնպես որ՝ Մինսկը չի կարող հրաժարվել Մոսկվայից կամ հակադրվել նրան»,- ասաց Լևոն Շիրինյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ տարածաշրջանում և առհասարակ աշխարհում գլխավոր խաղացող լինելու հանգամանքին, քաղաքագետը նշեց. «Հայաստանը այսօր գլխավոր խաղացող է: Այդ մասին է վկայում Սենատի վերջին որոշումը, դա ԱՄՆ-ի կողմից Հայաստանին մեկնած ձեռք է: Հայաստանը ժողովրդավարական պետություն է և պետք է շարունակի զարգանալ՝ պահպանելով ազգային շահերն ու հետաքրքրությունները»:
Արա Ալոյան