տուն Քաղաքական Բաքվում սպասում են հայ լրագրողներին

Բաքվում սպասում են հայ լրագրողներին

225
0

Այս օրերին Ռիգայում ընթանում է «Արևելյան գործընկերության» թեմայով մեդիա-համաժողովը:

Հայ լրագրողների խումբը նոյեմբերի 17-ին նախատեսում է Բաքու այցելել՝ փոխադարձ վստահության միջոցառումների շրջանակում: Այս մասին տեղեկացնում է «Ռուսարմինֆո»-ն՝ հղում անելով ադրբեջանական «Թուրան» գործակալությանը: Աղբյուրի փոխանցմամբ, այդ մասին հայտնի է դարձել հենց Ռիգայում ընթացող կոնֆերանսի ժամանակ: Նշվում է, որ հայ լրագրողներն Ադրբեջանում կայցելեն պետական մի շարք կառույցներ, կհանդիպեն փորձագետների հետ:

«Լրագրողների փոխադարձ այցերի հարցը քննարկվել է երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների մակարդակով, փոխադարձ վստահություն ստեղծելուն ուղղված մարդասիրական միջոցառումների շրջանակում»,- մանրամասնում է գործակալությունը: Լրատվամիջոցների տվյալներով, սպասվում է, որ հայ լրագրողների այցից հետո Հայաստան են ժամանելու ադրբեջանցի լրագրողները:

Չնայած Բաքվի վստահեցումներին, ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի վերաբերմունքը հեռու է վստահություն ներշնչելուց, որովհետև այդ երկրի իշխանությունների համար խնդրահարույց է նույնիսկ օտարազգի լրագրողի Հայաստան այցելելու փաստը: Հիշեցնենք, որ ռուս լրագրող Յուլիա Գոնչարենկոն հայտարարել է, որ խնդիրներ է ունեցել Ադրբեջան մուտք գործելիս, երբ իր անձնագրում տեսել են հայաստանյան սահմանային կնիքի առկայությունը: