«Ազատություն» ռադիոկայանը տեղեկացնում է, որ Իլհամ Ալիևի անհապաղ հրաժարականի պահանջը շաբաթ օրը Բաքվում ադրբեջանական ընդդիմության կազմակերպած առաջին հետընտրական հանրահավաքի գլխավոր կարգախոսն էր:
Հարկ է նկատել, որ սա վերջին շրջանում ընդդիմության նախաձեռնած թերևս ամենաբազմամարդ ու տպավորիչ բողոքի գործողությունն էր:
Դիմելով մասնակիցներին՝ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարն արձանագրում էր․ — «Փոխվում են ժամանակներն ու դարաշրջանները, իսկ Ալիևների վարչակազմի մեթոդները անփոփոխ են»:
«2003 թվականին Իլհամը գողացավ իմ հաղթանակը, ժողովրդի տարած հաղթանակը: Այսօր նա նույն կերպ վարվեց Ջամիլ Հասանլիի հետ: Բայց ինչի հասավ Իլհամն այս 10 տարվա ընթացքում` միլիարդների կարողություն դիզեց` փոխարենն արժանանալով ժողովրդի ատելությանը», — նշում էր Ղամբարը: