Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին՝ կապված Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի՝ ԱՄՆ կատարած այցելության հետ։
Rusarminfo-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Լեյլա Աբդուլաևան։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը Պետքարտուղարությանն է փոխանցել ադրբեջանական կողմի բողոքը։
«Համապատասխան նամակներ են ուղարկվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ղեկավար կազմին, հանձնաժողովների նախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Մասիս Մայիլյանը նախօրեին ներկա է գտնվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող H.R. 296 բանաձևի քննարկմանը։ Քվեարկության ավարտից հետո նա հնարավորություն է ունեցել զրուցելու բանաձևի համահեղինակներ Ֆրենկ Փալոունի և Աննա Էշուի հետ և երախտագիտություն հայտնելու նրանց։