տուն Քաղաքական Բաց պատասխան Երևանի քաղաքապետարանի հրավերին

Բաց պատասխան Երևանի քաղաքապետարանի հրավերին

295
0

Ամեն գնով տրանսպորտի թանկացման որոշումը նախապատրաստելու և հիմնավորելու ձեր միտումն ակնհայտ է: Փաստորեն, տարօրինակ եք համարում այն, որ շատերը պնդում են, թե 100 դրամ սակագնով հնարավոր է Երևանում ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումներ կազմակերպել, սակայն համապատասխան մրցույթին չեն մասնակցում, այն էլ՝ իրենց պնդումներն ապացուցելու նպատակով: Հետաքրքիր տրամաբանություն է, որի համաձայն՝ քաղաքապետարանի կեղծված հաշվարկների և 100 դրամ սակագնով տրանսպորտ ունենալու մասին բարձրաձայնող բոլոր անձինք պետք է ուղևորափոխադրողներ դառնան:

Ո՛չ Հայաստանն է առանձնապես մեծ, ո՛չ էլ Երևանը: Բոլորին է հայտնի, որ վարորդները «գծատերերին» «պլան» են վճարում, և որ ոլորտում տարբեր ուղիներով շրջանառվում են ստվերային եկամուտներ: Բոլորին են ծանոթ քաղաքապետարանի «գծատեր» պաշտոնյաները, որքան էլ նրանք իրենց ընկերությունները ծանոթ-բարեկամների անուններով գրանցեն, և որքան էլ Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունը ստանձնի կոռուպցիայի մեջ մեղադրվող այս պաշտոնյաների փաստաբանի դերը: Ձեր կողմից որևէ իրական քայլ չի արվել կոռուպցիոն այս ռիսկերը վերացնելու համար: Նույն այդ պաշտոնյաները, ովքեր ամռանը կեղծված հաշվարկներ էին ներկայացրել և իրենց ապաշնորհության հետևանքով այս վիճակի ստեղծման պատճառ հանդիսացել, շարունակում են պաշտոնավարել և ուղեվարձի գին հաշվարկել: Այնպես որ, կա՛մ դուք քաղաքացիներին հիմարի տեղ եք դնում, կա՛մ այնքան եք տարված ամեն գնով տրանսպորտի սակագնի թանկացումն ապահովելով, որ չեք էլ նկատում, թե ինչպես եք ինքներդ ձեզ անհեթեթ վիճակի մեջ դնում:

Ես պնդում եմ, որ կոռուպցիայի վերացման դեպքում հնարավոր է և սոցիալական արդարության սկզբունքից ելնելով` անհրաժեշտ 100 դրամ ուղեվարձով բարեկարգ տրանսպորտ ապահովել, բայց մերժում եմ մրցույթին մասնակցելու ձեր առաջարկը: Ավելին՝ պնդում եմ նաև, որ հակառակն ապացուցելու պարտականությունը ձերն է: Կարող եք երկաթյա տրամաբանությամբ «առնվազն տարօրինակ» համարել այն, որ ես չեմ ցանկանում երթուղի շահագործել:

Միաժամանակ ցանկանում եմ հիշեցնել, որ տեղական ինքնակառավարման մարմինների առաքելությունը համայնքի բնակիչների հետ մրցակցության մեջ մտնելը չէ, այնպես որ, ճիշտ կլինի հրապարակելուց առաջ անաչառ աչքով վերընթերցել և խմբագրել հեգնանքով շարադրվող ձեր հայտարարությունները:

«Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամ

Գայանե Մելքոմ Մելքոմյան

Քաղաքապետարանի հրավերը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here