տուն Լուրեր Բաց նամակ ՀՀ նախագահին

Բաց նամակ ՀՀ նախագահին

295
0

serj_sargsyan

Մեծարգո  Նախագահ

Ձեր նախընտրական ծրագրի կետերից մեկը  բյուջետային հիմնարկների աշխատողների սոցիալական խնդիրների բարելավման, այդ թվում աշխատավարձի բարձրացման հարցն էր,ինչը բազմակի անգամ հիշատակվել է նաև ընտրություններից հետո: Ելնելով այն բանից , որ կառավարման և ղեկավարման ոլորտում պաշտոններ զբաղեցնում են  Ձեր ղեկավարած կուսակցության անդամները, թվում էր, թե պետք է ջանք չխնայեին Ձեր նախնտրական ծրագիրը կյանքի կոչելու, Ձեր և Ձեր ղեկավարած կուսակցության հեղինակությունը բարձրացնելու համար: Յուրաքանչյուր պաշտոնյայի անբարո, ցինիկ, ագահ պահվածքը ուղղակի հարվածում է Ձեր հեղինակությանը: Իսկ նոր ընտրությունները սարերի հետևում չեն :

Այնպիսի տպավորություն է ստեղծվում , որ ամեն ինչ ավարտին է մոտեցել, և  ով ինչ կարող է, ինչքան կհասցնի պետք է  հափշտակի և փախչի,  կամ ետ են վերադարձել  ստրկատիրական, բռնապետական կարգերը…

Խոսքը  այս պահին առավել հրատապ դարձած թեմայի՝ ուսանողների ուսման վարձերի բարձրացման մասին է:  Առաջին հայացքից թվում էր, թե վերջապես  կլուծվեն վաղուց արդեն լուծում պահանջող կարևոր հարցերը, այդ թվում դասախոսների աշխատավարձերի բարձրացման հարցը: Սակայն,  դրա փոխարեն ՀՊՃՀ ռեկտոր Ա. Ավետիսյանը ընտրեց նոր աշխատաոճ՝ սահմանեց հաստիքային դասախոսական կազմի աշխատավարձի վճարման ժամավճարային ձևը: Այսինքն, մինչ հիմա դրույքաչափով վարձատրվող բոլոր դասախոսները դարձան ժամավճարով վարձատրվող: Դա էլ բավական չէր.  ժամերը  անհասկանալիորեն տարբերակվեցին՝ լսարանային և այլ ժամեր, դրանք էլ իրենց հերթին արժեվորվեցին տարբեր ձևերով: Նշենք, որ մինչև հիմա նման հայտնագործություն որևէ մեկը չէր արել, և դասախոսի աշխատավարձը ձևավորվում էր  դրույքի համաձայն՝ բոլոր ժամերը մտնում էին դրույքի  մեջ: Այս ամենի արդյունքում նույն ժամաքանակով աշխատող դասախոսների աշխատավարձը նվազել է 20 000-50 000 դրամով: Այս ամենը այն դեպքում, երբ մագիստրատուրայի ուսման վարձը բարձրացել է 60 000, բակալավրինը՝ 26 000-72 000, իսկ քոլեջինը՝  50 000 դրամով: Եվ ամենահետաքրքիրն  այն է , որ պատճառաբանվում է, թե 2011թ. ընդունելություն չունենալն է պատճառը, մինչդեռ այդ նույն տարիներին աշխատավարձի իջեցման հարց չի բարձրացվել և ԲՈՒՀ-ը պատվով գոյատևել է: Հարց է առաջանում, թե ինչ փոխվեց հիմա, երբ բարեհաջող ավարտվել է 2013-2014 ուստարվա ընդունելությունը և դեռ բոլոր կրթական ծրագրերի ուսման վարձերն էլ բավականաչափ բարձրացել է:

Նշենք, որ ՀՊՃՀ-ի նյութատեխնիկական բազան վաղուց արդեն այսօրվա պայմաններին չի բավարարում, և այն բոլոր լաբորատորիաները, որ ստեղծվել են մինչև հիմա՝ տարբեր միջազգային  ծրագրերի ներդրումների արդյունք են: ՀՊՃՀ-ն իր ֆոնդից ոչ մի լումա չի տրամադրել լաբորատորիաների վերազինմանը: Կարծում ենք, սեփական միջոցներով նոր լաբորատորիաներ ստեղծելու հանգամանքը շահարկելը, առնվազն անպատվաբեր է:

Հարկ է նշել նաև, որ վտանգված է նորմալ ուսումնական  պրոցեսը, քանի որ դասախոսների հաշվին գումարներ խնայելու մոլուցքը այն աստիճանի է հասել, որ քոլեջի  խմբերի մասնագիտական լաբորատոր ժամերը չեն բաժանվում ենթախմբերի, այնինչ, խմբերը 24 հոգուց պակաս չեն՝ յուրաքանչյուր խումբ պետք է բաժանվի 2 մասի: Արդյունքում, լաբորատոր բազան բավարար չէ, դեռ ավելին՝ վիճակը ավելի է վատացել խմբերը ենթախմբերի չբաժանելու պարագայում: Պատկերացրեք դասախոսների անելանելի վիճակը այս պայմաններում: Սա բավական չէ,  նման լուծը պատվով  քաշելու դիմաց, մեկ դասաժամի համար դասախոսը ստանալու է ընդամենը 837 դրամ ՝ ամենացածր ժամային արժեքով:

Ի պատասխան դասախոսների բարձրացրած հարցադրումների և դժգոհությունների,  ասվում է, որ ԲՈՒՀ-ը   ինքնավար է «ինչ ուզեմ, ոնց ուզեմ կանեմ, ով համաձայն չէ՝  կարող է հեռանալ»:

90-ական թվականերին, երբ մեր հայրենիքը ծանր պայմաններում էր, ԲՈՒՀ-երի անձնակազմը աշխատել է անձնուրաց, և այդ տարիներին անգամ՝  կրթական համակարգը գտնվել է  բարձր մակարդակի վրա: Բոլորը  հուսով էին, որ երբ անցնեն դժվար օրերը՝ ամեն ինչ կվերաարժևորվի, սակայն ցավոք, փոխարենը իրավիճակն ավելի բարդացավ, քան  մութ և ցուրտ տարիներին էր… Եվ այն էլ հիմա, երբ ՀՀ-ում ամենուրեք թանկացումներ են:

Շատ գործատուներ, թեկուզ աննշան, փորձում են բարձրացնել աշխատողների աշխատավարձերը՝ փոքր-ինչ մեղմելու համար  իրավիճակը: Իսկ մեր մոտ կարծես ճիշտ հակառակն է…

Մեծարգո  Նախագահ

Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել և պայթյունավտանգ իրավիճակին լուծում տալ անաչառ մասնագիտական խմբի ստուգայցի միջոցով:

 

ՀՊՃՀ մի խումբ դասախոսներ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here