Այսօր Երևանի Կենտրոն համայնքում պաշտոնապես բացվել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության կողմից կառուցված խաղահրապարակը:
Խաղահրապարակի բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, այլ պաշտոնատար անձիք, համայնքի բնակիչներ:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության կողմից կառուցված երրորդ խաղահրապարակը նախորդներից տարբերվում է նրանով, որ բացի երեխաների համար նախատեսված խաղային տարածքից և նստարաններից, այստեղ կան նաև ֆուտբոլի դաշտ եւ սարքավորումներ` նախատեսված ֆիզիկական վարժութունների համար:
«Համայնքների կայուն զարգացումը «Կոկա-Կոլա»-ի առաջնահերթություններից է: Այս խաղահրապարակի կառուցմամբ մենք նպաստում ենք երեխաների ֆիզիկական զարգացմանն ու առողջ ապրելակերպին, և մենք կշարունակենք նմանատիպ ծրագրերը հետագայում», — ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը բացման արարողության ժամանակ:
«Շնորհակալ ենք «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությանը նմանատիպ նախագծեր իրականացնելու և սոցիալական ծրագրերում ակտիվ ներգրավվածության համար», — ասել է Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը: