տուն Հասարակություն Բացի ռեստորանից, ուրիշ ինչ նախագծեր կիրականացվեն համալիրում. պարզաբանում է տնօրենը

Բացի ռեստորանից, ուրիշ ինչ նախագծեր կիրականացվեն համալիրում. պարզաբանում է տնօրենը

462
0

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շուտով ռեստորան կլինի: Ռեստորանի հիմնադիրը «Երեմյան փրոջեքթս» ընկերությունն է:

Araratnews.am-ը համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանին հարցրեց՝ ինչո՞ւ է համալիրում ռեստորան բացվելու: Տնօրենն ասաց՝ մեծ սպասումներ ունեն ռեստորանի բացումից. համալիրում լիարժեք չշահագործվող տարածքները շատ են:

Ներդրումային այս ծրագրի առանձնահատկությունը, մեր զրուցակցի խոսքով, այն է, որ ներդրողը  հեռանալուց հետո «ներդրումը հետը չի տանի»՝  ռեստորանը չի փակի:

Բացի ռեստորանից, համալիրում ցանկանում են բացել սպորտային  ակումբ. արվեստի հետ կապված նախագծեր եւս կան: «Եթե այս ամենն իրականանա, տարածքը կսկսի շնչել՝ մարդիկ կգան, որից համալիրը կօգտվի»,- հավաստիացրեց համալիրի տնօրենը:

Համալիրը մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում է: Հուշարձաններին առնչվող ցանկացած փոփոխություն, հատկապես  նման օբյեկտների կառուցմանը բացասական են արձագանքում ոմանք: Չկա՞ մտավախություն, որ այս դեպքում էլ նույնը կլինի, եւ գուցե ծրագիրը չիրականանա: «Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, անի այնպիսի բաներ, որոնք օգուտ են բերում հանրությանը, երկրին»,- պատասխանեց Կարեն Ղազարյանը:

Նա հիշեցրեց՝ համալիրը  նախատեսված չի եղել Հայաստանի պես փոքր երկրի համար: «Սա Սովետական Միության մասշտաբի շենք է, որը պահելու համար միջոցներ են պետք: Շենքը բազմաֆունկցիոնալ է: Աշխարհում նման շենք չկա: Դեռ սովետական տարիներից համալիրում ռեստորան է եղել՝ «12 աթոռը»: Կարեն Դեմիրճյանը սրտացավորեն է վերաբերվել համալիրին, նախատեսել էր, որ շենքում ռեստորան լինի, այնպես որ, ցանկացած քննադատող թող սրա մասին մտածի»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Պետությունը համալիրը պահելու համար տարեկան 180 միլիոն դրամ է հատկացնում՝ ավելացված արժեքի հարկը ներառյալ, այն դեպքում, երբ օպերայի շենքին հատկացնում են 4-5 անգամ ավելի գումար: Ընդ որում, եթե ձմռանը համալիրն ամեն օր ջեռուցվի, Կարեն Ղազարյանի խոսքով՝ պետական ֆինանսավորումը դրան չի բավարարի:

Ի դեպ, օպերայի տարածքում ռեստորան բացելու մասին դեռ նախկին իշխանության օրոք էին խոսում, սակայն այն կյանքի չկոչվեց քննադատությունների պատճառով: Կարեն Ղազարյանը կարծում է՝ եթե ռեստորանը համահունչ լինի օպերային թատրոնի միջավայրին, դեմ չէ դրան: «Բայց եթե քյաբաբանոց պետք է լինի, չեմ ցանկանա, որ երեխաս այդպիսի օպերա գնա»,- ասաց համալիրի տնօրենը:

Կարեն Ղազարյանը հույս ունի՝ իրենց ծրագրի շնորհիվ համալիրը 4 տարի հետո կլինի ինքնաֆինանսավորվող կառույց:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here