Araratnews-ը ներկայացնում է այն հայտարարությունն ու օրենքի նախագիծը, որն արդեն նախապես տպված՝ ԱԺ-ում քվեարկությամբ ցանկացել է անցկացնել հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների պարագլուխ Նաիրի Հունանյանը:
Սիրելի ժողովուրդ
Մեր ազգային և մարդկային գոյությունը վտանգված է վերջնականորեն: Վտանգված է մեր մատաղ սերնդի ապագան և ծերերի վաստակած հանգիստը: Հաշված տարիների ընթացքում իշխանությունները սպանեցին մեր ժողովրդի հավատը, վստահությունը և, այլասերելով հասարակությունը, կասեցրին ամեն մի առաջընթաց: Սեփական գրպանի ու ստամոքսի համար իշխանությունները թալանում և ավերում են երկիրը, կեղծում ընտրությունների արդյունքները, թշնամուց առավել կեղեքում մեր ժողովրդին: Այսօր արդեն ամեն ոք հասկանում է, որ Հայաստանում չի գործում էվոլյուցիայի և զարգացման ոչ մի օրենք ու կանոն, և որ ընտրությունների միջոցով անհնար է ձևավորել նվիրյալ, հայրենասեր և մարդասեր իշխանություն:
Հայրենակիցներ մեզ մի ելք է մնում անմարդկային տանջանքներից և ոչնչացումից փրկվելու՝ ժողովրդական ընդվզումի և ուժի միջոցով ազատվել այս բարբարոս իշխանությունից: Մի կողմ դնել վախը և հանուն մեզ՝ բոլորիս, մեր զավակների, մի վերջին ճիգ գործադրել և հաստատել ժողովրդական իշխանություն և օրենքի իշխանություն: Միայն մե´նք՝ իբրև ազգ և հասարակություն, կարող ենք կերտել մեր ազատությունը և սոցիալական հավասարությունը: Ուրեմն ոտքի´ և շտապեք Ազգային ժողով, և մեր միասնական կամքի և ուժի առջև կոչնչանա ամեն մի արգելք:
գ.թ.202.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
ՈՐՈՇՈՒՄԸ
Նկատի ունենալով երկրում ստեղծված բարոյական, ֆինանսատնտեսական և սոցիալական քաոսը, ինչը հարցականի տակ է դրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ֆիզիկական գոյությունը և հղի է պետականության կործանման վտանգով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Անվստահություն հայտնել գործող կառավարությանը:
2. Ստեղծել ժամանակավոր կառավարություն:
3. Ժամանակավոր կառավարության նախագահ նշանակել Նաիրի Հունանյանին:
4. Ժամանակավոր կառավարության նախագահին օժտել նախագահական լիազորություններով:
5. Ժամանակավոր կառավարության որոշումները օրենքի ուժ ունեն:
Հ.Հ. Ազգային ժողովի նախագահ
Կ. Ս. Դեմիրճյան