InfoPort.am-ի տրամադրության տակ է հայտնվել մի տեսանյութ, որում հստակ երևում է, թե ինչպես է «Բուբու» մականունով ռուսաստանցի գործարար Օնիկ Կարապետյանը ժամանում Սուքիասյան ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» գրասենյակ ինչ որ մարդկանց ուղեկցությամբ, այնուհետև որոշ ժամանակ անց նույն մարդկանց ուղեկցությամբ նա անվնաս իր ոտքով դուրս է գալիս գրասենյակից:
Հատկանշական է, որ գործարարն էլ, իրեն ուղեկցող անձիք էլ ճերմակ և մոխրագույն հագուստով էին, և նրանցից ոչ մեկի վռա արյան, կամ այլ հետքեր դուրս գալուց չեն նկատվում: Ավելին Կարապետյանը և իր ուղեկիցները նույն վստահ քայլվածքով, առանց խուճապի և շտապելու լքում են գրասենյակը:
Նշվում է, որ Կարապետյանը լրատվամիջոցներից մեկին հավաստել էր, որ «Սիլ կոնցեռնի» գրասենյակում դաժան ծեծի է ենթարկվել Ռոբերտ Սուքիասյանի և նրա թիկնապահների կողմից: Սակայն Սուքիասյանների գրասենյակից InfoPort.am-ին հերքեցին այդ լուրը: Սուքիասյանների մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը InfoPort.am-ի հետ զրույցում սուտ և կեղծիք որակեց նման լուրերը:
«Եթե անգամ նման միջադեպ եղել է, Սուքիասյանները դրա հետ որևէ առնչություն չունեն»,- նշեց Մկրտչյանը:
Ոստիկանությունից InfoPort.am–ին հայտնեցին, որ այսօր՝ հուլիսի 22—ին ժամը 4–ին, ոստիկանության Էրեբունի բաժնում քաղաքացին հաղորդում է ներկայացրել և հայտնել, որ նախորդ օրը ժամը 23–ին Զավարյան փողոցում վիճաբանության ժամանակ իրեն ծեծի են ենթարկել։ Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։