Մարտի լույս 4-ի գիշերը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Միկրոշրջան թաղամասի թիվ 216 շենքի բնակարանում կնոջ դի կա։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ 81-ամյա տանտիրուհուն սպանել են․ դիակի զննությամբ հայտնաբերվելեն կտրած-ծակած վերքեր։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Սկսվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք առանձնապես ծանր հանցագործությունից ժամեր անց արդյունք են տվել։ Հրազդանի ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ու Կոտայքի մարզային վարչության և քննչական մարմնի ծառայողների հետ, պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ, որոնց, նախաքննության շահերից ելնելով, ոստիկանությունը չի անդրադառնում։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կնոջը հյուրընկալվել էր Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ։ Վեճ է սկսվել, որի ընթացքում տղամարդը խոհանոցային դանակով մի քանի անգամ խփել է տարեց կնոջը։ Կասկածվողը մարտի 4-ի լուսադեմին հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։