Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում ասվում է, որ վերջին տարիներին Երևան քաղաքում հասարակական ընդվզումներով ու ոստիկանական ուժերի ներգրավմամբ ուղեկցվող կառուցապատումները խրոնիկական բնույթ են ստացել ու դարձել սովորական երևույթ: Գրեթե առանց բացառության, դիտարկված բոլոր դեպքերում (Կոմիտաս 5, Սայաթ Նովա 12, Ամիրյան 18-25, Փակ Շուկա և այլն) հանրությունը դեմ է արտահայտվում կառուցապատման նախագծերին ու կասկածի տակ դնում կառուցապատողների կողմից Երևանի քաղաքապետարանից տարածքների ու շինթույլտվությունների ձեռքբերման օրինականությունը: Ստեղծված իրավիճակը Երևանի ավագանուն՝ իբրև Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին («Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի 1-ին մաս), հարկադրում է լրջագույնս վերանայել ու լրամշակել այս ոլորտում առկա պրակտիկան և ընթացակարգերը:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի (Ավագանու լիազորությունները) 13-րդ կետով Երևանի ավագանուն է վերապահվում «ի լրումն քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի` Երևանում գործող նորմերի իրականացման լրացուցիչ պայմաններ սահմանելու» լիազորություն: Նույն օրենքի 39-րդ հոդվածի (Հանրաքվե նշանակելը, լսումներ անցկացնելը) 2-րդ մասի համաձայն՝ «Ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ բնակչության կարծիքը պարզելու նպատակով մինչև հարցի լուծումը կարող է անցկացնել հանրային լսումներ»:
Բնակիչներ-կառուցապատող առճակատումները բացառելու, կառուցապատման ընթացակարգերը հստակեցնելու հրամայականը և ավագանու սույն լիազորության իրականացումը ցանկալի է, որպեսզի հենվի հանրային բաց քննարկումների, պրակտիկայի համակողմանի վերլուծության, շահագրգիռ անձանցից ու կազմակերպություններից ստացված առաջարկությունների վրա:
Մյուս կողմից, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 33.1. հոդվածը (Համայնքի ղեկավարի գործունեությունը տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում) տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում համայնքի ղեկավարի համար ամրագրում է հետևյալ պարտադիր լիազորությունը. «Կազմակերպում է տեղական ինքնակառավարմանն առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական կարևորագույն նախաձեռնությունների և նախագծերի, մասնավորապես համայնքի զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեի, համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու և ղեկավարի որոշումների, համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների հանրային լսումներ կամ քննարկումներ, դրանց վերաբերյալ առաջարկությունների ընդունումը և ներկայացումը նախաձեռնությունների և նախագծերի հեղինակներին» (3-րդ կետ):
«Քաղաքաշինության բնագավառում ստեղծված իրավիճակը քննարկելու, լուծումներ փնտրելու և քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերը լրացուցիչ պայմաններով համալրելու հրամայականը պահանջում են Երևանի ավագանու և քաղաքապետի ջանքերի մեկտեղում և լիազորությունների համատեղ իրականացում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի (Հանրաքվե նշանակելը, լսումներ անցկացնելը) 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 33.1. հոդվածի 3-րդ կետով, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը դիմում է Ձեզ՝ Երևանի ավագանու N45-Ն որոշմամբ սահմանված կարգով հրավիրել հանրային լսումներ՝ ապահովելով դրանց վիճահարույց հասցեների բողոքող քաղաքացիական խմբերի, կառուցապատողների ներկայացուցիչների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների, պատկան կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը»,-ասված է նամակում: