ՖԻՖԱ-ի գործադիր մարմնի նախկին ներկայացուցիչ Ռիկարդու Թեյշեյրան յուրօրինակ կերպ է ստացել կաշառքներ։ Այս մասին գրում է The Telegraph-ը։ 2011 թվականին նա հաշիվ է բացել իր դստեր՝ Անտոնիայի անունով, ով այն ժամանակ 10-ը տարեկան էր։ Ներկայում բրազիլացի Թեյշեյրայի դստեր կարողությունը կազմում է 2 մլն ֆունտ ստերլինգ։ Թեյշեյրան, 2012-ին լքելով ՖԻՖԱ-ն, տեղափոխվել է Մայամի։
Այս քայլին նա դիմել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը սկսել է նրա գործի քննությունը։ Թեյշեյրան նաև մեղադրվում է 2022 թվականի աշխարհի առաջնության վայրը որոշելիս կաշառք ստանալու մեջ։
Նրա դստեր հաշիվները ստուգելիս պարզվել է, որ «Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը այդ հաշվին է փոխանցել մեծ գումար։ Բանն այն է, որ քննիչներին հետաքրքրել է մի հետաքրքիր փաստ․ այն բանից հետո, երբ Կատարը ստացել է աշխարհի առաջնությունը 2022 թվականին իր տարածքում անցկացնելու իրավունք, Qatar Airways ավիաընկերությունը դարձել է «Բարսելոնայի» գլխավոր հովանավոր, ստորագրելով մեծ պայմանագիր։
Թե՛ Թեյշեյրան և թե՛ Ռոսելը հրաժարվում են մեկնաբանել այս տեղեկությունը։