ՀՀ կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ:
Այս մասին այսօրվա Ազգային ժողովում կազմակերպված «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ ունենք համաձայնություն` հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում այս օրենքի նախագծի վերաբերյալ ունենալ խորհրդարանական լսումներ»,- ասաց Հայրապետյանը:
Դեկտեմբերի 4-ից ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է հանրային քննարկումների շարք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Նոյեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների մի մասը դասադուլ էր իրականացնում բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի պատճառով: